Արցախում կանայք և տղամարդիկ ապրում են տարբեր աշխարհներում: Տղամարդու աշխարհը հիմնականում տան պատերից դուրս է, կնոջ աշխարհը` ներսում: Կնոջ պարտականություններ են` լվանալ, մաքրել, եփել-թափել, երեխաներին խնամել, իսկ տղամարդունը` ընտանիքի բարեկեցությունն ապահովել:
Կինը իր պարտականությունները պարտավոր է կատարել, նույնիսկ եթե տղամարդը իրենը չի կատարում: Արցախում կնոջ` հարսի պարտականությունների մեջ է մտնում նույնիսկ սկեսրայրի ոտքերը լվանալը:
Կնոջ դերը սոցիալական կյանքում հեզ, հլու-հնազանդ լինելն է: Հաճախ կանայք իրենց ամուսիններին անգամ անունով չեն դիմում: Այս ամենի արդյունքում կինը, կարծես թե, ստորադասվում է տղամարդուն: Իսկ տղամարդը կորցնում է պատասխանատվության զգացումը:
Կանանց այստեղ նույնիսկ տղամարդկանցից կես մետր ավելի խորն են թաղում:
«Մի ճոխտ վենն էլ բիդար…» (մի զույգ ոտք էլ լիներ…)
Մարտունու շրջանի Հացի գյուղից 85-ամյա Զինա Խաչատրյանը ընդամենը 13 տարեկան էր, երբ իրեն ամուսնացրին: Զինան պատմում է, որ տատը վաղ հասակից նրան սովորեցրել էր նորահարսի պարտականությունները: Ամուսնու տուն գնալով` նա կնոջ պարտականությունների տեսական մասին լավ տիրապետում էր:
«Ուրուգունը վեր եկալա, իմ սկեսուր թա՝ տաք-տաք ճուրը երկալ քինա քու պտրունու վեները լվաց» (Երեկոյան սկեսուրս ասում էր. տաք ջուրը լցրու և գնա սկեսրայրիդ ոտքերը լվանալու),- պատմում է Զինա Խաչատրյանը:
Հարցին, թե չէ՞ր կարող խուսափել այդ պարտականությունից, Զինան անթաքույց զարմանքով բացականչեց.
-Վեշմըհար, էս հի՞նչ ա ասում: Ծեր դարը չի է, հարսը պտրունեն հորը նման ա իլալ հարգելիս, սիրելիս (Ի՞նչ ես ասում: Ձեր դարը չի է, մեր ժամանակ հարսները սկսերայրին հոր պես հարգում ու սիրում էին), — ասում է Զինան ու ոտք լվանալու արարողությունը նկարագրում ամենայն մանրամասնությամբ:
«Հիշում եմ, թե ինչպես եմ առաջին անգամ լվացել սկեսրայրիս ոտքերը. ամաչելով, քաշվելով սկզբից ձախ ոտքը լվացի, հետո` աջը, հետո զգուշությամբ չորացրի սրբիչով: Որ ասեմ զզվել եմ՝ սուտ կլինի: Սկեսրայրս լավ մարդ էր, համ էլ ամուսինս ինձ էր հետևում և հենց այդ արարողության արդյունքներից էին կախված մեր հետագա հարաբերությունները»,- հիշում է Զինան:
Սկեսրայրի ոտքերը լվանալու ավանդույթի մասին շատ լենեգենդներ են պատմում: Նրանց զգալի մասը համեմված է հումորով:
Ասում են, Արցախի գյուղերից մեկում սկեսրայրի ոտքերի լվացման հերթական արարողության ժամանակ վերջինս որպես շնորհակալություն ամեն մի լվացված ոտքի դիմաց 25 ռուբլի է տվել հարսին: Հարսն էլ իրեն չի կորցրել ու սրամտել է` «պապա, հորա լհա քեզ մին ճոխտ վենն էլ բիդար» (Հայրիկ, երանի թե դու երկու զույգ ոտք ունենայիր):
Հարսի վրա դրված պարտականություններից բացի կար նաեւ «ծերունց տոն քինալի» (հայրական տուն գնալու) օրենքը: Հարսն իրավունք չուներ պապական տունը «ճրի հղե» (ջրի ճամփա) սարքելու, ամիսը միայն մեկ անգամ կարող էր այցի գնալ՝ այն էլ միայն մի քանի ժամով:
«Ախճիգը վեր հալավը փոխում ա, քեցած տան ճրաքն ա տեռնում, հորը տանը նա էլ ընելի պեն չոնե» (Աղջիկը, որ ամուսնու տան օրենքով է շարժվում, տան ճրագն է դառնում: Հայրական տանը նա այլևս անելիք չունի),- պատմում է Արցախի Ճարտար քաղաքում ապրող 90-ամյա Արմինե Պետրոսյանը, որը նորահարս եղած ժամանակ հաճախ է տուժել այս օրենքի պատճառով:
Հարսների պարտականություններն ու չգրված օրենքները սերնդափոխության հետ զուգահեռ փոփոխությունների են ենթարկվում:
Այսօր երևի խուլ գյուղերում միայն (եթե այդպիսին կան, համացանցը գլոբալիզացիան հասցրել է Արցախի անգամ ամենահեռավոր անկյունները) և հատուկենտ ընտանիքիներում նորահարսին կարող են ստիպել սկեսրայրի ոտքերը լվանալ, կամ հայրական տուն միայն «գրաֆիկով» այցելել:
Թե ինչո՞ւ են կանանց կես մետր խորը թաղում, իսկ թավայի ամենալավ կտոր միսը տղամարդն ուտում
Այն, ինչ աշխարհում գենդերային անհավասարություն են անվանում, Արցախում կոչվում է ավանդույթներ, չգրված օրենքներ, ու մարդիկ իրենց հնարավորության չափով հետևում են դրանց:
Այդպիսի չգրված օրենքներից մեկի համաձայն, կնոջ գլուխը ամուսինն է:
«Թա կնեգը մարթին խոսքան տուս եկու, սաղ շենը տրան մանավ ա նաշ տլան, թա աննամուսա, տրա կերած կաթնը հարամ ինի, կնեգը հինչա՞, տղմարթին հակաճառելը հինչա՞» (Եթե կինը ամուսնու խոսքը չլսեց, ամբողջ գյուղը նրան մատով ցույց կտա: Կասեն. նրա կերած կաթը հարամ լինի: Կինը ո՞վ է, որ մի հատ էլ տղամարդուն հակաճառի), — ասում է Զարդախաչի բնակչուհի, 81-ամյա Ծիրանիկ Գասպարյանը, որին բոլորը գյուղում գիտեն որպես Սենյա տատիկ:
Սենյան 63 տարվա ամուսնական կյանքի ընթացքում մի պարզ ճշմարտության մեջ է համոզվել. տղամարդը տան շերեփի տեղը չպիտի իմանա:
Կինը պարտավոր է ամուսնու բերած հյուրերին կերակրել, խմացնել, բայց նույն սեղանի շուրջ նամուսով կինը իրավունք չունի նստել:
Իսկ ահա տան ծանր գործերը պետք է տղամարդը անի:
«Համերաշխ ու սիրով ապրող ընտանիքներում տան ծանր աշխատանքը տղամարդն է անում: Ու ընդհանրապես տղամարդը բոլորից բարձր է իր դիրքով, իսկ նրա խոսքը` օրենք բոլորի համար», — համոզված է Սենյան:
Նա պնդում է, որ շրջանից շրջան, գյուղից գյուղ հեռավորությունը որքան էլ մեծ լինի, խոսվածքն էլ` տարբեր, այս օրենքը կամ, ինչպես ասում են, «զակոնը» բոլորի համար է: Շատ դեպքերում, ինչպես ասում են Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի կանայք, «պատճառը գիդասչըն» (պատճառը չգիտեն):
Բայց այդ կանայք մի բան գիտեն հաստատ` «Ղըզանին լյավ թիքան տըղըմարդինըն տաս, տըղամարդը ղըզանեն ռեխը պենալ չի»: (կաթսայի ամենալավ մսի կտորը տան տղամարդուն կտան, իսկ տղամարդը չպետք է կաթսայի բերանը բացի):
Բացի դրանից, Դրախտիկի տղամարդիկ զոքանչի տուն չեն գնում: Ընդհանրապես, պատմում է գյուղի բնակչուհի Վեներա Տոնյանը:
Տղամարդու այս կամ այն բան անել կամ չանելը միշտ չէ, որ ընդգծում է նրա առավելությունը: Երբեմն այն նաև սնահավատության հետ է կապված:
Մաղավուզ գյուղում Հայկանուշ Բադալյանին հարցրեցինք, թե տղամարդն ի՞նչ չպիտի անի:
Նա կողքի դրեց թելն ու ասեղը, մտածեց, հետո նորից մտածեց ու սկսեց պատմել:
«Ասում են, որ կանայք թոնրում տղամարդ են տեսնում, իրար են խառնվում, հացը կուտ է գնում: Դրա համար էլ տղամարդկանց արգելում են թոնրատուն մտնել»:
Ասելով սա, Հայկանուշը մի քիչ էլ մտածեց ու էլ ոչինչ չասեց:
Իսկ տղամարդու ու կնոջ միջև սոցիալական տարբերությունները գործում են անգամ անդրշիրիմյան աշխարհում:
Արցախում, ըստ ավանդույթի, կնոջը տղամարդուց կես մետր ավելի խորն են թաղում: Դա արվում է, քանի որ տղամարդը միշտ պետք է կնոջից բարձ դիրքում լինի, եթե դա անգամ գերեզմանի փոսն է:
«Կնոջ մեջ դև կա նստած, դրա համար էլ մեզ ավելի խորն են թաղում, որ չար ուժերը դուրս չգան», — ասում է զարդախաչցի Սենյան՝ կապելով այս ավանդույթը նաև Ադամի ու Եվայի հետ, թե կինը միշտ ավելի շատ է չար ուժերին հավատացել, քան տղամարդը:
Սերը Վասյա ու Գագ կանչելով չի չափվում
55-ամյա Ռուզաննա Աղաբեկյանի ինը երեխաներից և ոչ մեկը, երբեք չի լսել, որ նա ամուսնուն անունով դիմի:
«Ասում է. Ադա՛ (արա), կամ , առհասարակ, խոսում է հետը՝ առանց դիմելու: Բարեկամների ու ծանոթնե րի մոտ ասում է` «մեր նշանածը, նշանածս» , իսկ երեխաների հետ խոսելիս՝ «ձեր հայրը», — պատմում է Ռուզաննայի դուստր Սարինեն:
Ասում, ու ավելացնում, որ սա, իհարկե, նրա և նրա եղբայրների ու քույրերի գլխի մեջ չի տեղավորվում. լինում է, նրանք նույնիսկ ծիծաղում են այդ պահվածքի վրա:
«Ամեն անգամ, երբ ամուսնուս կրճատ Գագ եմ կանչում (Գագիկ անունից), մայրս ինձ աչք-ունքով է անում. իբր՝ ամուսինդ է , հարգանք ունեցիր»,- ժպիտով պատմում է Սարինեն:
Զարմանալին այն է, որ նույնիսկ մինչև պաշտոնապես պսակադրվելը, դեռև նշանվածների կարգավիճակում, Ռուզաննան էլի անունով չէր դիմում ամուսնուն:
«Ըստ իս, ամուսնու անունը հաճախակի տալով՝ կինը նրան մի կոպեկանոց է սարքում, էժանացնում է, այսպես ասած: Իսկ հայ ընտանիքում ամուսինը, տան հայրը խորը հարգանք պիտի ունենա կնոջ ու երեխաների աչքում»,- համոզված է Ռուզաննան:
Ժամանակակից աշխարհում հեշտ չէ տեսնել, թե ինչ կապեր կան անվան և հարգանքի միջև: Բայց Արցախի գյուղերում այդ կապը դեռ անխզելի է:
Իսկ երբ Ռուզաննայի տեգրի կինը Սամվել անունով ամուսնուն դիմում է Վասյա, քանի որ վերջինս ռուսական դպրոց է հաճախել, Ռուզաննան դեմքը շրջում ու փռթկացնում է: Նրա պատկերացումներում սերը Վասյա ու Գագ կանչելով չի չափվում:
Ռուզաննա Աղաբեկյանը դպրոցական տարիների մի մասն անց է կացրել Շուշիում՝ տատի մոտ, ու նրանից շատ բան է սովորել: Այդ թվում, ամուսնուն հարգել-պատվելու մանր-մունր գաղտնիքները: Իր տատն էլ ամուսնուն անունով չէր դիմում, ուրիշների կողքին էլ ասում էր «մեր հայրը»: Եվ սա բացատրում էր ամուսնու հանդեպ խորը հարգանքի զգացողությամբ:
Իսկ ընտանիքի խստապահանջ հայրն իր տիկնոջը փաղաքշական Ռոզիկ կամ Ռուզան է դիմում, բայց միևնույնն է, դա նրա կարծրատիպերի վրա կաթիլ անգամ չի ազդում:
Հեղինակներ`
Սյուզաննա Ավանեսյան
Քնար Բաբայան
Լուսինե Թևոսյան
Սարինե Հայրիյան
Սկետչերի հեղինակ՝
Ալվարդ Գրիգորյան