Մինչև 1988թ. արխիվային ֆոտոներում կարելի է տեսնել, թե ինչպես երեկոները ստեփանակերտցիները զբոսնում են քաղաքի կենտրոնական հրապարակում վեր խոյացող Լենինի արձանի «ոտքերի տակ»: Լենինը վաղուց չկա, չկա խորհրդային գաղափարախոսությունը, որն իր դերակատարումը ունեցավ Ղարաբաղը 1920-ականներին բռնի կերպով Խորհրդային Ադրբեջանի մաս դարձնելու գործում: Գաղափարախոսությունը, որը քարոզում էր ազգերի եղբայրություն, իսկ իրականում հաճախ ազգերին իրար դեմ հանում:
Այսօր, երբ մարդիկ քայլում են այդ նույն հրապարակում, ոչ ոք չի մտածում, որ այդտեղ ոչ վաղ անցյալում Լենինի հսկայական արձանն էր կանգնած:
Լենինն ամեն առավոտ մեզ բարլուս է տալիս
20 տարի շարունակ 60-ամյա Սվետա Ավագյանի համար օրը սկսվում է Տողի համայնքապետարանի շենքի մարքրությունից: Նա այստեղի հավաքարարն է և ամենօրյա մաքրությունն ավարտելուց հետո, վերցնում է երկար կոթով ավելն ու, կանգնելով ոտքերի թաթերի վրա, ձգվում, որպեսզի հասնի պատի հարթաքանդակի ամենավերևի հատվածին:
Համայնքապետարանի այցելուներին միջանցքի ձախ պատից իր խիստ հայցքով ու ջարդված քթով ողջունում է կոմունիստական կուսակցության հավերժ կենդանի առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինը: Խորհրդային ազգերի ղեկավարի գիպսե հարթաքանդակը տեղադրվել է 1950-60-ականներին և չի տեղահանվել ո՛չ ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին, ո՛չ էլ դրանից հետո: Այն մինչ այսօր գրեթե անվնաս իր տեղում է, և նրա մասին կարծես թե վաղուց մոռացել են:
«Եթե իմանայի, որ Լենինի հարթաքանդակը տեղահանելուց մի բան կփոխվի Ղարաբաղի հարցում, այսօր էլ դա կանենք: Բայց էնպես, մարդ ա լի, ամեն առավոտ մեզ պառլուս ա տամ»,-ասում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, 57-ամյա Վահիդ Սահակյանը:
Խարհրդային կարգերի փլուզումից հետո, համայնքապետարանի մի քանի սենյակներ մասնակի վերանորոգվել են: Սահակյանն ասում է. միգուցե, երբ հերթը հասնի միջանցքի վերանորոգմանը, հարթաքանդակն էլ հանեն, բայց այսօր այն ոչ մեկին չի խանգարում: Միայն մեկ-մեկ միջացնքում բույն դրած ծտերն են «հանդգնում» կեղտոտել առաջնորդի ճաղատը:
Սվետա Ավագյանը լավ է հիշում, որ Տողում, ինչպես և երկրի բոլոր բնակավայրերում, Խորհրդային Միության առաջնորդների արձանների պակաս չկար:
«Գյուղամեջում Լենինի հսկա արձանն էր՝ ձեռքը առաջ պարզած: Մենք այնտեղ ամեն օր «չխկըլդանի» («классики») էինք խաղում: Իսկ դպրոցի ամենաերևացող մասում էլ Ստալինի դիմանկարն էր կախված»,- հիշում է Սվետան:
Եթե համայնքապետարանի հարթաքանդակի մասին Տողի բնակիչները կամ մոռացել են, կամ հարմարվել, ապա դպրոցում դրված Լենինի կիսանդրին պարզապես մոտակա փոսն են նետել: Այն, երևի, այնտեղ էլ կմնար, եթե մի օր այդ նույն տարածքում չորոշեին խաղողի այգի տնկել: Արձանը հանեցին ու դրեցին դպրոցի բակում, ինչն էլ տարաձայություններ առաջացրեց գյուղացիների շրջանում: Տողի արվեստի դպրոցի անձնակազմն իր բողոքը հայտնեց` առաջնորդի կիսնադրին գերմանական դրոշի գույներով ներկելով:
Արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Բալայանը խոսոտվանում է, որ նպատակային են կիսանդրին ներկել ամենատհաճ գույներով ( կարմիր, դեղին, սև):
«Մեր ազգի հանդեպ նման դավաճանության գնացած մարդն այլ վերաբերմունքի արժանի չէ»,- եզրափակեց Բալայանը:
Բալայանը, դավաճանություն ասելով, նկատի ուներ, որ Լենինը համաշխարհային հեղափոխության ընդլայնման համար զենք ու ոսկի է տրամադրել Աթաթուրքին, որը հետո օգտագործվել է հայերի դեմ: ” Իսկ 1920-21թթ. Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրերը Հայաստանի, Արևմտյան Հայաստանի, Ղարաբաղի ու Նախիջևանի հողերի հաշվին էին”,-եզրափակեց նա:
Լենինը` թատերական ռեկվիզիտ
Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի՝ ժամանակավորապես չգործող շենքի տարբեր անկյուններում կարելի է գտնել ամեն ինչ` հազար տարվա աֆիշաներից մինչև Լենինի հսկայական գիպսե կիսանդրի:
Առաջնորդի՝ փոշու ու սարդոստայնի մեջ կորած գլուխը, ջարդված քթով, թեք ընկած է արդեն չաշխատող պտտվող բեմի տակ, նկուղային հարկում: Իսկ կար ժամանակ, երբ կուսակցական բոլոր հավաքներին այդ նույն կիսանդրին իր պատվավոր տեղն ուներ բեմի ամենաերևացող մասում:
Թատրոնի պահակը, ով մեզ ուղեկցեց նկուղ, խնդրեց հեռախոսի լույսը վառել ու ոտքերի տակ նայելով քայլել: Վերջին անգամ Լենին պապիկին հիշել են Ստեփանակերտի թումոցիները, երբ դոկումենտալ ֆիլմ էին նկարահանում թատրոնի շենքի մասին:
«Կիսանդրին վերջին տարիներին հետաքրքրել է միայն կինոռեժիսորներին և ձեզ»,- անթաքույց զարմանքով ասաց պահակը:
Թատրոնի գրական-գեղարվեստական մասի վարիչ 66-ամյա Կարինե Ալավերդյանը պատմում է, որ թատրոնի հիմնադրման օրվանից (1952թ.) այստեղ էին անցկացվում համապետական նշանակության բոլոր միջոցառումները՝ կուսակցական ժողովներ, պլենումներ, կառավարական տարբեր միջոցառումներ, հոբելյանական երեկոներ:
«Այդ բոլոր միջոցառումներն անց էին կացվում Վլադիմիր Իլյիչի խիստ ու իմաստուն հայացքի ներքո: Բեմում հատուկ կարմիր անկյուն էին կահավորում, որտեղ և դրվում էր առաջնորդի գիպսե բյուստը»,- հիշում է Կարինե Ալավերդյանն ու հավելում, որ այսօր կիսանդրին պահվում է որպես թատերական ռեկվիզիտ:
Ալավերդյանն ափսոսանքով է նշում, որ հայերը պատմությունը պահելու, հարգելու մշակույթ չունեն:
«Լավ է, թե վատ, մենք խորհրդային 70 տարվա կենսագրություն ենք ունեցել, այդ 70 տարին մեր ընդհանուր պատմության մի մասն է եղել, և ես կարծում եմ, որ պատմության հետ այդպես անփութորեն չեն վարվում», -ասում է Ալավերդյանը:
Ըստ նրա, պետք էր հավաքել խորհրդային շրջանի բոլոր արձաններն ու քանդակները և զետեղել դրանք քաղաքի որևէ ծառուղում:
Բոգդան Կնունյանց. խորհրդային հայտնի գործիչն ու ղարաբաղյան փոքրիկ գյուղը
«Հի՜, պա տի պեն կնի՞» (Վա՜յ, բա այդպիսի բան կլինի՞),- մեկ տարի առաջ ահա այսպես արձագանքեցին Մարտունու շրջանի ՆՆգի գյուղի բնակիչները, երբ լսեցին բոլշեւիկյան կուսակցության ականավոր գործիչ, պրոֆեսիոնալ հեղափոխական Բոգդան Կնունյանցի հուշարձանի ‘’գլխատման’’ մասին լուրը:
Մոտ մեկ տարի Բոգդանի արձանի գլուխը ոչ թե ուսերին էր, այլ խնամքով դրված էր ոտքերի կողքին ու պոլիէթիլենով փաթաթված:
300-ից ավելի բնակիչ ունեցող ՆՆգի գյուղը մայրաքաղաք Ստեփանակերտից 18 կմ հեռավորության վրա է գտնվում: Ննգեցիներն իրենց համագյուղացի, հայտնի հեղափոխականի Կնունյանցի հուշարձանը կառուցել են 1950-ական թվականներին:
Սակայն 21-րդ դարի սկզբին գյուղացիները չէին կարող տեսնել բոլշևիկ Կնունյանցի անգլուխ արձանը: Գործը գլուխ բերելը դարձել էր նրանց համար պատվի հարց: ՌԴ-ի Կրասնոդար քաղաքից եւ Երեւանից բարերարների ուղարկած 3 միլիոն դրամով կանգնեցվեց Բոգդան Կնունյանցի նոր կիսանդրին եւ բարեկարգվեց քանդակին կից տարածքը։
Հին արձանը «ապամոնտաժեցին» և տարան անհայտ ուղղությամբ:
Բոգդան Կնունյանցի նախահայրերը ժամանակին 7 եղբայրներով Դաղստանից են տեղափոխվել Ննգի՝ հիմք դնելով գյուղի Նրկրարանց ազգին: Չենք կարող ասել, թե դա ինչ է նշանակում:
Ինչևէ: Բոգդանի հայրը՝ Միրզաջանը, եղբայրներից ամենաունեւորն էր: Նա եղբայրների համար գյուղում հողատարածքներ, ջրաղացներ գնելով՝ ընտանիքի հետ տեղափոխվեց Շուշի, որտեղի Ռեալական ուսումնարանում 1886-1895 թվականներին նախնական կրթություն է ստացել նրա որդին` Բոգդանը: Այնուհետեւ նա ավարտել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը, իսկ 1897-ին՝ համալրել Կոմունիստական կուսակցության շարքերը:
Հայտնի է նաև, որ Ննգի պրոֆեսիոնալ հեղափոխականը, ՌՍԴԲԿ Բաքվի լենինյան-իսկրայական կոմիտեի ղեկավար դարձած Բոգդան Կնունյանցը վերադարձել է հետապնդումներից խուսափելու նպատակով:
Վերադառնալուն պես նա մեծ պապի գնած ջրաղացներում լծվեց «Իսկրա» թերթի հրատարակության գործին:
Նրկրարանց ազգի ներկայացուցիչներից այսօր Ննգիում ապրում է միայն մեկ ընտանիք: Նրկրարանց Պողոսը ոչինչ չի հիշում ազգակից Բոգդան Կնունյանցի մասին, սակայն հստակ գիտի մեկ բան՝ «նա լավ մարդ ա իլալ» (Նա լավ մարդ է եղել):
Ննգիի դպրոցի նկուղային սենյակում տեղակայված գյուղի պատմության փոքրիկ թանգարանում չկան Ավոյի, Դուշմանի, Կարոտի դիմանակարները, անգամ Արցախի դրոշը չկա: Ննգիի պատմության թանգարանն ամբողջովին նվիրված է Բոգդան Կնունյանցին: Նրա անցած ճանապարհն է` քարտեզներով, լուսանկարներով, ելույթներով եւ նրան ձոնված նյութերով:
Ննգիի միջով է անցնում Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ավտոճանապարհը, որի եզրին, տեսանելի վայրում, գտնվում է Արցախյան հերոսամարտում նահատակված զինվորների հիշատակին կառուցված՝ առանց աստիճանների, բարեկարգմանը ենթակա, գյուղապետի խոսքով՝ 300 հազար դրամի ծախս պահանջող հուշաղբյուրը, որը ննգիցիները եւ պետության ղեկավարները արագ շրջանցում են:
Ստալինի դիմանկարը՝ որպես սիրո եւ հավատարմության խորհրդանիշ
63 տարի է, ինչ խորհրդային ժողովուրդների հայր Իոսիֆ Ստալինի նկարն իր պատվավոր տեղն է զբաղեցնում Արցախի Դահրավ գյուղից Ալիկ Հայրիյանի տանը: Ստալինը վաղուց դարձել է ընտանիքի անդամ: Եթե մեծերը հասցրել են համակերպվել նրա ներկայության հետ, ապա Խորհրդային Միություն չտեսած Հայրիյանի 27 ծոռները զարմանում են` «Խէ՞յք է Ստալինին նկարը կախ տվալ» (Ինչո՞ւ եք Ստալինի նկարը կախել):
Իսկ երբ 1956 թվականին ԽՄԿԿ 20-րդ համագումարի «նոր ճշմարտությունների հրահանգ-նամակը» հասել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, գյուղապետարանում աշխատող Հայրիյանը հրաժարվել է կատարել Ժողովուրդների հայր Ստալինի նկարը նկուղ տեղափոխելու որոշումը: Հայրենական մեծ պատերազմի մասնակից Ալիկ Հայրիյանի դիքորոշումն անբեկանելի էր. «Ես ուրան դարդան կռեվում տվալ, թողել չում տի մարդին նկարը անարգվե» (Ես նրա համար կռվել եմ, չեմ թողնի, որ նման մարդու նկարը անարգվի):
Փայտյա հաստ շրջանակում պարփակված Ստալինը Ալիկի եւ նրա կնոջ` Ասյաի ընտանիքի ուրախ եւ տխուր օրերի մասնակիցն է, 4 զավակների հարսանիքների հյուրը, 13 թոռների դաստիարակության ականատեսը: Հիմա էլ նա գերագույն հրամանատարի հպարտ հայացքով հետևում է Հայրիյանների 27 ծոռների մեծանալուն:
Ամուսնու մահից հետո 93-ամյա Ասյա Հայրիյանը առանձնահատուկ խնամքով է մաքրում խրուշովյան ձնհալը շրջանցած Ստալինի նկարը:
«Մինչեւ իմ մեռնելս էս նկարը տեղան տուրուր չի կիլան»(…տեղից չի հանվելու),- հաստատակամ որոշել է Ասյա Հայրիյանը:
Հայրիյանները միաբերան ասում են, որ իրենց տանը Ստալինի նկարն անձի պաշտամունքի նշան չէ, այլ մեծ պապի ու տատի սիրո եւ հավատարմության խորհրդանիշն է:
Խնապատում Լենինի ձեռքը կրակն են ընկել
Խնապատ գյուղից Իզաբելա Հայրապետյանի` Զիբայի տան հետևի մասում եկեղեցին է, իսկ բակում խորհրդային ազգերի առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի արձանը` գիրքն աջ ձեռքում:
Հարցրեցինք, ինչո՞ւ ժամանակին չեն հանել արձանը: Պատասխանը և՛ տարօրինակ էր, և՛ միանշանակ` «հուրա՞ է պետք» (Ո՞ւմ է պետք):
Սակայն 1990-ական թվականներին Լենինի արձանը ուզում էին հանել և տեղափոխել Ասկերանի թանգարան: Դրա համար հատուկ հանձնաժողով էր հավաքվել: Նրանք եկան գյուղ և, տեսնելով արձանը, ասեցին. «Այ եթե ձեռքը պարզած լիներ, կտանեինք»: Այդպես էլ մնաց Լենինը Խնապատում:
Նրանից մի քանի մետր հեռավորության վրա Ստալինի արձանն էր: «Ֆիզկուլտուրնիկների լավագույն ընկերոջ» արձանը հանեցին դեռ խորհրդային տարիներին:
«Կոմերիտական Գևորգյանն էր ղեկավարում: Գիշերվա կեսին Ստալինին քանդեցին, կտորներն էլ թաքցրեցին մոտակա տներից մեկում», — պատմում է խնապատցի 103-ամյա Աշխեն Բաղդասարյանը:
Զիբան արդեն սովորել է, որ իր բակում կանգնած է Լենին պապիկի արձանը: Բայց նա նաև դեմ չէր լինի, եթե արձանը հանեին: Սակայն այն երեք կողմից էլ շրջապատված է տներով, իսկ չորրորդ կողմում նռենիների փոքրիկ այգի է:
«Արձանը տանելի հետե գրուզավիկ ա հարկավեր: Բայց հղեն էնքան նըղ ա, վեր մաշին չի կարում նի մտնե» (Արձանը տանելու համար բեռնատար է պետք: Բայց փողոցը այնքան նեղ է, որ մեքենա չի կարող մտնել):
Այդպես էլ մնում է մեծ առաջնորդի արձանը Խնապատ գյուղի կենտրոնում:
Արցախի տարբեր գյուղերում այսօր դեռ կարելի է հանդիպել խորհրդային ժամանակներից մնացած արձաններ, պաստառներ և լոզունգներ: Սակայն Ստեփանակերտի միակ փաբում, որ հպարտորեն կրում է «Բարդակ» անունը, խորհրդային սիմվոլիկան դարձել է ինտերիերի մաս:
Այստեղ կարելի է տեսնել խորհրդային արտադրության տարբեր իրեր, հարվածային աշխատանքի կանչող պաստառներ և Լենինի դիմանակրներ: Մեկը` մուտքի դռան վրա, իսկ մյուսը` դեպի զուգարան տանող դռան վրա:
«2017թ., երբ փաբը բացեցի, մեջը մի քանի աթոռ-սեղանից բացի ուրիշ բան չկար: Այդ դատարկությունը լցնելու համար սկսեցի տանից հին սովետական իրեր բերել ու կահավորել փաբը: Հետո դա արդեն հոբիի նման բան դարձավ: Այսօր էլ ընկերներս ինձ բերում են իրենց համար թանկ իրեր: Ե՛վ տանը պահելու տեղ չունեն, և՛ չեն էլ ուզում աղբամանը նետել: Ես դրանք խնամքով պահում եմ իմ մոտ: Հաճախ անսարք առարկաները վերանորոգում եմ»,-պատմում է փաբի տերը` 28-ամյա Ազատ Ադամյանը:
Ազատը Խորհրդային Միությունը չի տեսել: Նա մեծացել է այդ երկրի փլուզուից հետո, սակայն խորհրդանիշները պահում է:
«Այս բոլոր առարկաներն իմ ծնողների ապրած տարիների պատմությունն են: Այսօր երբեմն մեծահասակներն իրենց երեխաներին բերում են փաբ, որպես թանգարան` ցույց տալու իրեր, որոք այսօր համարյա ոչ մեկ չի գործածում»,-հիշում է Ադամյանը և հավելում, որ երեխաներից մեկը, հին հեռախոսը երկար զննելուց հետո, զարմացած բացականչեց. «Ես դուշի նման ծելեֆոն տեսած չում» (Ես ցնցուղի պես հեռախոս չեմ տեսել) :
Իսկ եթե…
Եթե այսպես էլ մնա, Լենինի արձաններն ու հարթաքանդակները, ինչպես նաև Ստալինի նկարները, դեռ երկար ժամանակ կշարունակեն մնալ Արցախի փողոցներում և արցախցիների բնակարաններում: Սակայն փոխվել են ժամանակները, կոմունիստական արժեքները Արցախում արդեն չունեն նախկին կշիռը: Հայտնվել են նոր արժեքներ, նոր սերունդը այլ աչքերով է նայում և այլ կերպ ընկալում անցյալի և ներկայի գաղափարախոսությունը:
Իսկ եթե այդ բոլոր արձանները հավաքել մի տեղու՞մ, ասենք` մի այգում, որը կդառնա խորհրդային կուռքերի յուրատեսակ թանգարան:
Հեղինակներ`
Սյուզաննա Ավանեսյան
Քնար Բաբայան
Լուսինե Թևոսյան
Սարինե Հայրիյան
Ալյոնա Մելքումյան