Արցախում մեդիան խոսում է գրական հայերենով, բայց ժողովրդի լեզուն շարունակում է մնալ բարբառը
Արցախում գործող տպագիր և ինտերնետային թերթերը,հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն մեծամասամբ գրում ու խոսում են գրական հայերենով։ Եթե մամուլում իսպառ բացակայում են անգամ զրուցակցի բարբառով մեջբերումներ (լրագրողն այն դարձնում է գրական հայերեն), ապա հեռուստատեսությամբ, ռադիոյով ու մուլտիմեդիա լրատվամիջոցներում կարելի է հանդիպել ոչ միայն բարբառով ուղիղ խոսք, այլև ամբողջ հաղորդում։
Հեռուստալրագրող Սյուզաննա Ավանեսյանին արցախյան գյուղերում գիտեն որպես «բարբառով խոսող» աղջիկը։ 2009թ․ նա Արցախի հանրային հեռուստատեսության համար պատրաստում է «Նռան հատիկ» հաղորդաշարը, որը վարում է բացառապես բարբառով։ Լրագրողը պատմում է, որ մինչև հաղորդաշարի սկսելը նախապես ուսումնասիրել է լեզվի մասին օրենքը, խոսել լեզվի տեսչության աշխատակիցների հետ։ Ճիշտ է, տեսչության մասնագետները նրա նախաձեռնությունն ամբողջությամբ չեն ողջունել, բայց ասել են, որ, անուամենայնիվ, լեզվի մասին օրենքը չի խախտվում։
«Հաղորդումն ավանդական երգ ու պարի, սովորույթների, խոհանոցի ու ազգային արժեքների մասին է։ Մտածեցի՝ ծիծաղելի կլինի գյուղի տատիկների հետ գրական հայերենով խոսել այդ ամենի մասին»,- բացատրում է Ավանեսյանը:
Արցախի հանրային հեռուստատեսություն 23 հաղորդաշարերից միայն 4-ում է հնչում բարբառ: Հաղորդավարները և լրագրողները խոսում են գրական հայերենով։
Artsakh Times մուլտիմեդիա լրատվական հարթակը նույնպես ունի բարբառով հաղարդաշար՝ «Յո երթաս», որը պատմում է արցախյան գյուղերի, գյուղական կյանքի ու նրա բնակիչներիառօրյայի մասին։
Հաղորդաշարի հեղինակ Ծովինար Բարխուդարյանը խոստովանում է, որ Արցախի հանրային հեռուստատեսության լուրերի բաժնում լրագրող աշխատելու ժամանակ հասկացել է, որ գրական լեզուն արհեստական է դարձնում գյուղացու խոսքը, անմիջականությունը կորչում է։ Նկարահանումների ժամանակ նույնիսկ բարձրախոս չեն միացնում, քանի որ գյուղացին լարվում է դրանից։ Բարխուդարյանը ասում է, որ սկզբից ուզում էր հետկադրային ձայնն էլ բարբառով կարդալ, բայց հետո գրական հայերեն դարձրեց։
«Համացանցում հաղորդաշարի մեկնաբանություններում շատ եմ հանդիպել քննադատություններ իմ խոսքի վերաբերյալ։ Ասում են՝ շատ ես ռուսերեն բառեր օգտագործում, բայց ես խոսում եմ Ստեփանակերտի բարբառով եւ բնական է, որ խոսքիս մեջ հանդիպում են նաև ռուսերեն բառեր։ Մենք հարևանի հետ խոսելիս չենք ասում՝ վերանորոգում ե՞ս անում, ասում ենք՝ ռեմոնտ ը՞ս անըմ։ Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ վերջին շրջանում մեր բարբառում ավելանում են հայերեն բառերը, հետևաբար ադրբեջաներեն ու ռուսերեն բառերը քչանում են»,-ասում է լրագրողուհին։
Բարբառը որպես գիտություն
Արցախում իրականացվող լեզվամշակութային քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը դարձել է բարբառիմացության ու բարբառաճանաչողության մակարդակի բարձրացումը, որը ամրագրված է անգամ ԼՂՀ Լեզվի մասին օրենքում։
Տարիների ընթացքում բանահավաքչական ու բարբառային նյութերի հավաքագրման աշխատանքներ են ծավալվել, հրատարակվել են բարբառով ստեղծագործություններ, գրվել են երգեր, բարբառագիտական ու բանագիտական մեծաթիվ ուսումնասիրություններ և հոդվածներ:
Լեզվաբան Արմեն Սարգսյանը 2013թ․ հրատարակեց Ղարաբաղի բարբառի բառարան, որը ներառում է շուրջ 40.000 բառ: Չորս տարի հետո՝ 2017թ․, Արմեն Սարգսյանն իր կնոջ՝ Արցախի պետական համալսարանի հայոց լեզվի դասախոս Շողեր Մինասյանի հետ համահեղինակությամբ տպագրեցին «Ղարաբաղի բարբառի դարձվածները» գիրքը, որը պարունակում է 15.000 դարձված:
Արմեն Սարգսյանի հեղինակությամբ տպագրվել է նաև «Արցախի բանահյուսություն» գիրքը, որն ընդգրկում է 8000 բանահյուսական նյութ և 162 խոսվածք:
Կրթական ոլորտում նույնպես, կարևորելով բարբառի ճանաչողությունը, Ստեփանակերտի բուհերի բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսումնական ծրագրում ներառված է Արցախյան բարբառդասընթացը` 4 կրեդիտով:
Բարբառն այսօր Արցախում դիտարկվում է որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն ու նրա պահպանության,պաշտպանության ու տարածման նպատակով մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությանը կից ստեղծվել է «Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրման կենտրոն» ոչ կառավարականհիմնարկ՝ երկու աշխատակցով։
Սոցցանցերը խոսեցին արցախյան բարբառով
13 հազարից ավելի «Like» ունեցող «Ինձ պետք ա էս հինչ ՊԵՆը!»արցախցիների ֆեյսբուքյան խումբն իսկական Բաբելոն է հիշեցնում։ Այստեղ հաղորդակցվում են ով ինչպես կարողանում է, ում ինչ լեզվով հարմար է: Իսկ ընդհանուր առմամբ լեզու ասվածը հիմնականում արցախյան բարբառն է, հիմնականում ռուսատառ կամ լատինատառ: Արդարության համար պետք է ասել, որ պատահում են նաև հայատառ գրառումներ:
«Ժողովուրդ հուվա գիդում դետսկի բալնիցին բժիշկները մինչև ժամը քանիսնն գործ անում??» (թարգ․ Ժողովուրդ, ո՞վ գիտի մանկական հիվանդանոցի բժիշկները մինչեւ ժամը քանի՞սն են աշխատում),- ասվում է խմբի գրառումներից մեկում։
Սոցիալական ցանցում անձնական չաթի լեզուն բացառապես բարբառն է։
Ուշագրավ է, որ արցախյան բարբառը նաև իր համակարգչային տառատեսակն ունի (font-ը), որը գործածվում է բարբառով աշխատությունների տպագրության ժամանակ։ Տառատեսակը, սակայն, լայնորեն չի օգտագործվում համացանցում:
Zangi տեսազանգերի հայկական հավելվածն անցած տարվանից սկսել է բարբառով սթիքերներ գործարկել, այդ թվում արցախյան բարբառով։ «Լյավը՞ս, մատաղ ինիմ», «կլոխդ խարաբ ա՞», «ծնգլհան ըրեր» և այլ նմանատիպ արտահայտություններըդարձել են համացանցի օգտատերերի սիրված արտահայտությունները։
«Բարձր արվեստը» ժողովրդի լեզվով
Վարջին 5 տարիներին բարբառը, բացի առօրյա խոսակցական լեզու լինելուց, դարձել է նաև մի շարք միջոցառումների, մրցույթների ու փառատոների այցեքարտը։ Հադրութի շրջանի Տող գյուղի արվեստի դպրոցի աշակերտներն իրենց գյուղի բարբառով ներկայացում են բեմադրել։ Թատերական խմբակի մասնակիցները խոստովանում են, որ բարբառով ներկայացումները շատ ավելի ջերմ են ընդունվում հանդիսատեսի կողմից։
«Մեր բարբառով ավելի համարձակ ու հանգիստ ենք զգում բեմում։ Բայցի դրանից, մի բան է ծանոթ ստեղծագործությունը բեմադրել բոլորին հայտնի ձևով ու լեզվով, մեկ այլ բան՝ այն բեմադրել նորովի ու բարբառով»,-խոստովանում էդերասաններից 17-ամյա Արթուր Սարգսյանը։
Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Շուշիի կուրսի ուսանողները, սակայն, նախընտրում են գրական հայերենով բեմադրություններ անել։ Նրանց կարծիքով, այսօր բարբառում շատ են օտարալեզու բառեր, ինչից արցախյան բարբառը կորցնում է իր նախնանական մաքրությունը։
«Բարբառն ամենահիանալի բեմադրությունն անգամ «կենցաղային» կաղապարի մեջ է դնում»,-ասում է ուսանողներից մեկը։
Ինչ վերաբերում է դասապրոցեսի լեզվին, ապա այստեղ ուսանողների համար նախընտրելի է հարազատ բարբառը։
Արցախյան բարբառն այսօր նաև գրականության ու երգարվեստի լեզու է:
Արմատներով Արցախից Արտեմ Վալտերը հենց արցախյան բարբառով գրված «Ալո, ալո» երգով միանգամից հայտնի դարձավ համացանցի օգտատերերի շրջանում։
2011թ․ Youtube-ում հրապարակվելուց հետո երգն ունեցել է մոտ 300 հազար դիտում։ Կարելի է ասել, որ այս երգը շատերին ստիպեց խոսել, ավելի ճիշտ երգել արցախյան բարբառով, անկախ նրանց բնակության վայրից։
Դրանից հետո երգիչը ևս մի քանի երգ է թողարկել բարբառով, բայց ամենահայտնին մինչ այսօր «Ալո, ալո»-ն է ։
Երբ Fason կեղծանունով ռեպեր Կոլյան առաջին անգամ բարբառով ռեպ կարդաց, ֆեյսբուքն այնքան էլ տարածված չէր Արցախում։ Նրա երգերը տարածվում էին հեռախոսից հեռախոս։ Իսկ ահա վերջերս ստեղծված «Դիբետա» ռեփ խումբը, որընույնպես ստեղծագործում է միայն բարբառով, արդեն հասցրել էհայտնի դառնալ համացանցում։
Արմատներով Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղից դոկումենտալ լուսանկարիչ ու բանաստեղծուհի Անահիտ Հայրապետյանը, ով հիմա ապրում է Գերմանիայում, վերջերս է սկսել բարբառով ստեղծագործել։
Արցախյան բարբառով նրա ամենահայտնի բանաստեղծությունը կոչվում է «Օզըմ ըմ»։
«Օզըմ ըմ ես քեզ օզում ըմ
ծերքերդ
պերանդ
մազերդ
իմ ղաշանգ
իմ սորուն
իմ ջնավեր
իմ նախշուտ
ես քեզ օզում ըմ․․․»
«Բարբառը շատ եմ սիրում, տանը միշտ բարբառով են խոսել, կարելի է ասել՝ բարբառով եմ մտածում։ Բարբառով գրված գործերը հիմնականում ծանր են, հեքիաթներից ու «Ալո-ալո» երգից զատ, ես էլ ուզեցի խաղալ մի քիչ՝ հասկանալու համար, թեի՞նչ տեսք կունենա, օրինակ, ոչ խոհական, պարզ բանաստեղծությունը։ Որոշ բանաստեղծություններում դա ստացվեց։ Մարդիկ սիրեցին «Օզում ըմ» բանաստեղծությունը։ Մի մասը դա կատակի տվեց, մի մասին բարկացրեց։ Մի շրջան միայն բարբառով էի գրում»,-ասում է բանաստեղծուհին։
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանին շատերը գիտեն մասնագիտական ասպարեզում։ Իսկ համացանցի օգտատերեին նա հայտնի է «Արցախյան սիրո հեքիաթ» կամ «Արա պա ստի պեն կինի՞․․․» գրական ստեղծագործությամբ, որը բեմադրվել է Շուշիի թատերական կուրսի ուսանողների կողմից։
Արցախյան բարբառով են ստեղծագործում մի շարք երիտասարդ գրողներ՝ Վաչիկ Դադայանը, Վիկտորյա Պետրոսյանը և ուրիշներ։
Բարբառի հանրամատչելիությունից օգտվում են ոչ միայն արվեստի գործիչները, այլև աղանդավորականները։
Մինչ հայ առաքելական եկեղեցին ավանդության համաձայն պատարագներն ու ժամերգություններն իրականացնում է գրաբարով, Արցախում գործող «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունն ավելի ճարպիկ է գտնվել ու սկսել է արցախյան բարբառով քարոզչական բնույթի թռուցիկներ տարածել։
Եթե տարիներ առաջ դռնեդուռ շրջող «Եհովայի վկաները» քարոզում էին գրական հայերենով, ապա այսօր նրանք հաղորդակցվում են բարբառով՝ իրենց խոսքն ու ուղերձը բոլորինհասանելի ու ընկալելի դարձնելու համար։
Արցախյան բարբառը որպես «բրենդ»
28-ամյա գործարար ստեփանակերտցի Ազատ Ադամյանին հաջողվել է տեղական արտադրության շապիկները կրեատիվ գրությունների շնորհիվ բրենդային ու թրենդային դարձնել ոչ միայն Արցախում, այլև Արցախից դուրս։ «LEAVը՞S», «Don’t դիլխոր, be ուրախ» բառախաղեր ստեղծվել են աշխարհահռչակ բրենդների անվանումների, հայտնի արտահայտությունների ու արցախյան բարբառի միքսից։
Երբ դիզայներ Լիլիթ Մայիլյանը մեկ տարի առաջ սկսեց շնորհավորական բացիկներ ու բաժակներ նկարազարդել, իրենից անկախ գրառումը բարբառով արեց։
«Ամեն ինչ սկսվեց իմ առաջին բացիցկից, որի վրա բարբառով գրեցի «եկ քեզ խտիմ» (արի քեզ գրկեմ)։ Իմ կարծիքով, ամենաջերմ խոսքերը պետք է հենց բարբառով ասել»,-ասում է Լ․Մայիլյանը։
Հ․Գ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ Ընդունված է 1996 թվականի մարտի 20-ին: Հատված հոդված 1-ից
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է Արցախի բարբառի օգտագործմանը, խրախուսում նրա գիտական ուսումնասիրումը եւ տվյալ բարբառով ազգագրական ժողովածուների հրատարակումը:
Հեղինակներ՝
Սյուզաննա Ավանեսյան
Նարինե Աղալյան
Քնար Բաբայան
Սարինե Հայրիյան
Ալյոնա Մելքումյան
Մարիամ Սարգսյան
Մարութ Վանյան