Արցախցիներն իրենց բարբառն անվանում են «մեր լյուզուն», որը նշանակում է «մեր լեզուն»։ Իսկ երևանյան բարբառը նրանց համար պարզապես «հայերեն» է։
Տանը, կենցաղում հիմնական խոսակցականը «մեր լյուզուն» է․ գրական հայերենն օգտագործում են հիմնականում պաշտոնական շրջանակներում։
Դպրոցներում, բուժհաստատություններում և նույնիսկ թատրոններում գերիշխում է բարբառը։ Այն դարձել է արվեստի լեզու և արվեստ։
Եվ արցախցիները չեն նեղվում․«մեր լյուզուն լուխճանաց քաղծըրնա, հտէ տի»։
Որը նշանակում է՝ մեր լեզուն ամենից քաղցրն է, ահա այդպես։
Գրական հայերենով՝ զանգից զանգ
5-ամյա Առնո Բադալյանը վաղ տարիքից բակում իր հասակակիցների հետ խոսում է Մաղավուզի բարբառով, իսկ տանը՝ վարպետորեն անցնում է գրական հայերենի։ Երբեմն, իհարկե, նա խոսում է մի երրորոդ լեզվով՝ իրար խառնելով հարազատ գյուղի բարբառն ու մայրիկի սովորեցրած գրական հայերենը։
Տղայի մայրը՝ Գոհար Ավանեսյանը, պատմության ուսուցչուհի է Մաղավուզի դպրոցում։ Նա պատմում է, որ որդուն մանկուց գրական հայերեն ուսուցանելու գաղափարը պատահական ծագեց։
«Առնոն 2 տարեկան հազիվ կլիներ, երբ սկսեցի նրա համար հեքիաթներ կարդալ ու քանի որ նա գրական բառերի մեծ մասը չէր հասկանում, ես ստիպված ամբողջ հեքիաթը բարբառով վերապատմում էի»։
Գոհարը ասում է, որ դրանից հետո որոշեց տանը որդու հետ բացառապես գրական հայերենով խոսել․ «Դե, բարբառը, միևնույնն է, նա շրջապատից կսովորի»։
Ոուսուցչուհի Ավանեսյանի խոսքով՝ աշակերտների մեծ մասը դպրոց է գալիս միայն բարբառի իմացությամբ։ Այլ է պատկերը միջին ու բարձր օղակներում։
«Ես պատմություն եմ դասավանդում 10-17 տարեկան աշակերտներին ու պետք է խոստովանեմ, որ նրանք լիովին հասկանում են գրական հայերենով մատուցած նյութը։ Բարբառով արտահայտություններ դասի ժամանակ օգտագործում եմ որևէ դիպուկ բնութագրություն տալու ու աշակերտներին լիցքաթափելու համար»,-ասում է նա։
Ստեփանակերտից մոտ 40կմ հարավ-արևելեք գտնվող Մարտունի քաղաքի Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցում 90-ականների սկզբից մինչև 2000-ականների կեսերը դասապրոցեսում հավասարապես օգտագործվում էր և՛ բարբառը, և՛ գրական հայերենը։ Այսօր տոկոսային հարաբերությամբ ավելի շատ է գործածվում գրական հայերենը։ Դրան նպաստող պատճառները տարբեր են։
Դասվար Էլզա Խաչատրյանի դասարանում ՀՀ-ից Մարտունի տեղափոխված 2 զինվորականի երեխաներ են սովորում: Ուսուցչուհին խոստովանում է, որ իր աշակերտներից պահանջում է նույնիսկ դասամիջոցին խոսել գրական հայերենով, որպեսզի այդ երկու աշակերտի համար ամեն ինչ հասկանալի լինի: Ըստ Խաչատրյանի, հատկապես տարրական դասարաններում գրական հայերենով հաղորդակցվելը շատ կարեւոր է:
25 տարուց ավելի ուսուցչության փորձ ունեցող նույն դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Թինաթին Գրիգորյանը դասը պատմում է գրական հայերենով, իսկ ահա հավելյալ մեկնաբանություններն անում է բարբառով: Աշակերտների մի մասը բարբառով, մյուս մասն էլ գրականով են պատասխանում հարցերին: Գրիգորյանն ասում է, որ երբ աշակերտները դասի ժամանակ հոգնում են, բարբառով խոսքը նրանց սթափեցում է:
Ն․Ստեփանյանի անվան դրոցում մինչև 2004թ․ գործում էր նաև ռուսական բաժին, որտեղ դասավանդում էին հիմնականում ռուսական կրթությամբ ուսուցիչներ։ Ռուսական բաժնի փակվելուց հետո, այդ ուսուցիչները շարունակում են դասավանդել հայկական բաժնում, փորձելով դասապրոցեսն անցկացնել արդեն հայերեն։ Սակայն ոչ բոլորին է հաջողվել առ այսօր տիրապետել գրական հայերենին, ուստի հաղորդակցման հիմնական լեզուն մնում է բարբառը։
«Մեր լյուզուն» vs «հայերեն»
Ստեփանակերտից հյուսիս գտնվող Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան և Հովտաշեն համայնքները սպասարկող դպրոցի պատմության ուսուցիչ Վլադիմիր Դոլուխանյանը վստահեցնում է, որ դասապրոցեսին բարբառի օգտագործումն ավելի շատ լրացնում, քան թե փոխարինում է գրական հայերնին։
«Լինում են դեպքեր, երբ ուսուցիչն իր ասելիքն աշակերտներին ավելի հասանելի դարձնելու համար դիմում է առօրյայում ավելի հաճախ հանդիպող բարբառին՝ մեջբերելով թևավոր խոսքեր, հոմանիշներ, տարբեր առարկաների կամ երևույթների անուններ։ Նման պարագայում բարբառը, փաստորեն, գալիս է լրացնելու, և ոչ փոխարինելու գրական խոսքին, նյութի գրական լեզվով մատուցմանը»,- ասում է Դոլուխանյանը։
Արցախյան ավանդական գյուղերի համեմատ շահեկան վիճակում են վերաբնակեցվող համայնքները, քանի որ այդտեղ ապրող երեխաների զգալի մասը տիրապետում է երևանյան խոսակցական լեզվին, որը շատ մոտ է գրական հայերենին։
Ճիշտ է, այստեղ էլ առօրյայում իսկական բաբելոնյան խառնաշփոթ է տիրում՝ գրական հայերենի, բարբառի և ռուսական բառերի հախուռն գործածությամբ, բայց դպրոցում միմյանց հետ հաղորդակցման լեզուն երևանյան բարբառն է։ Այստեղ էլ չի ստացվում դասընթացն ամբողջությամբ կազմակերպել գրական հայերենով։
Մայրաքաղաք Ստեփանակերտից արևմտյան ուղղությամբ մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Վաղազին գյուղը մինչև ղարաբաղյան հակամարտությունը քրդերով էր բնակեցված։ 2000-ականների սկզբին այստեղ բնակություն են հաստատել ՀՀ տարբեր բնակավայրերից վերաբնակիչներ։
Այսօր գյուղի միջնակարգ դպրոցն ունի ընդամենը 10 աշակերտ և նույնքան էլ ուսուցիչ։
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Վարդանյանը խոստովանում է, որ հատկապես գրական ստեղծագործությունները վերլուծելու ժամանակ երբեմն անցնում է իր հայրենի Շամշադինի բարբառին։
«Ուսուցչի անընդհատ պակասի պատճառով աշակերտների մի մասը դժվարությամբ է հասկանում մի շարք գրական բառեր։ Երբեմն ստիպված եմ լինում բարբառով բացատրել որոշ բառերի նշանակությունը»,-ասում է Նարինե Վարդանյանը։
Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հաճախում է 12-18 տարեկան 1100-ից ավելի ուսանող, որից մոտ 400 հոգի Արցախի տարբեր շրջաններից են։
Ինքնուսուցման և խոսակցական հիմնական լեզուն այստեղ բարբառն է։ Ուսանողների և մարզիչների մեծ մասն իրար հետ բացատրվում են ամեն մեկն իր բարբառով։ Երևանից, սփյուռքից ու արտերկրից եկած դասընթացավարների հետ ուսանողների մեծ մասը շարունակում է հաղորդակցվել բարբառով, ինչն իհարկե դժվարացնում է շփումը։
Հարցին, թե արդյո՞ք չեն կարող գրական հայերենով խոսել, ուսանողներից մեկն ասաց․ «Իհարկե, գիտեմ հայերեն, բայց ավելի սվեր ում բարբառավ խոսիմ» (բայց ավելի սովոր եմ բարբառով խոսել),-գրական հայերենով մի երկու բառ ասելուց հետո մեխանիկորեն անցնելով հարազատ բարբառին։
Հաճախ Երևանից եկած դասընթացավարները «ուսանողների լեզուն» հասկանալու համար ստիպված են լինում սովորել արցախյան բարբառը։
«Չեք հավատա, բայց մենք ունենք գյուղերից ուսանողներ, ովքեր դժվարանում են հայրերեն կարդալ։ Իսկ մեր վարժանքները բացառապես հայերեն են և պատասխանները պետք է գրել հայատառ և հայերեն շարադրված»,-ասում է Թումո Ստեփանակերտի մարզիչ Աննա Հարությունյանը։
Շարունակելի…
Հեղինակներ՝
Սյուզաննա Ավանեսյան
Նարինե Աղալյան
Քնար Բաբայան
Սարինե Հայրիյան
Ալյոնա Մելքումյան
Մարիամ Սարգսյան
Մարութ Վանյան