Մեծ քաղաքները չեն քնում: Միջին մեծության քաղաքները շատ քիչ են քնում: Փոքր ու գավառական քաղաքները համարյա չեն արթնանում:
Քաղաքը գյուղից տարբերվում է նաև նրանով, որ մութն ընկնելուց հետո էլ քաղաքը շարունակում է արթուն մնալ, և մարդիկ չեն փակվում իրենց տներում` հարմար տեղավորվելով հեռուստացույցի առաջ:
Մենք որոշեցինք պարզել, թե եր՞բ է քնում Ստեփանակերտը:
Պիտաչոկ. գիշերային կյանքը սկսվում է երեկոյան
Ստեփանակերտի բոլոր ճանապարհները տանում են դեպի Պիտաչոկ` շրջանաձև պուրակ, որը հայտնի է իր երգող շատրվաններով ու Ստեփան Շահումյանի արձանով:
Ստեփանակերտցիները քաղաքում կողմնորոշվում են Պիտաչոկի օգնությամբ՝ Պիտաչոկից վերև, Պիտաչոկից աջ․․․ Այստեղ ժամադրվում են, զբոսնում երեխաների հետ, հանգստանում ու քննարկում քաղաքական ամենավերջին նորությունները:
Իսկ ամառային տաք օրերին Պիտաչոկում հավաքվում են ոչ միայն երգող շատրվաններին նայելու, այլ ունկնդրելու քաղաքի փողային նվագախմբի կատարումները: Ամենահամարձակներն անգամ պարում են:
Պիտաչոկից մինչև քաղաքի կենտրոնական Վերածննդի հրապարակ բառիս բուն իմաստով երկու քայլ է:
Հրապարակում զբոսնել սիրում են գրեթե բոլորը: Ստեփանակերտն այն եզակի վայրերից է, որտեղ երեկոյան ժամերին կարող ես անգամ Արցախի ղեկավարներին տեսնել` առանց թիկնապահների հրապարակում զբոսնելիս:
Այստեղ գալու պատճառները տարբեր են` ոմանք գալիս են աղջիկ «կապելու», աղջիկներն՝ իրենց վերջին «լուքը» ցուցադրելու, երիտասարդ ընտանիքներն էլ երեխաների հետ զբոսնելու:
30-ամյա Աշոտ Սարգսյանին երեկոյան կարելի է հանդիպել հրապարակում ընտանիքի, ընկերների կամ սիրելի շան հետ զբոսնելիս: Սակայն նա խոստովանում է, որ միայն մենակ զբոսնելիս է կարողանում քաղաքի շունչը վայելել:
Ամռան օրերին` արևը մայր մտնելուն պես, բոլորը շտապում են քաղաք (ստեփանակերտցիների համար քաղաք դուրս գալը Պիտաչոկում կամ հրապարակում զբոսնելն է): Երեկոյան ժամերին սկսվում է մանկական մեքենաների ու հեծանիվների շքերթը:
«Երեկոյան հրապարակը մարդաշատ տեսնելն էներգիա ու տրամադրություն է տալիս ինձ», — խոստովանում է Աշոտը:
Քաղաքը քիչ թե շատ ճանաչողները վստահ են՝ Ստեփանակերտը ոչ թե շենքերն ու փողոցներն են, այլ մարդիկ ու կոլորիտը:
Տաք եղանակներին հրապարակն ու հարակից պուրակները սկսում են աշխուժանալ արևը մայր մտնելուց հետո: Իսկ երեկոյան 22:00-23:00-ից հետո Պիտաչոկը կամաց-կամաց պատրաստվում է քնի:
Ցուրտ, զբոսանքի համար անբարենպաստ եղանակներին հրապարակում ու Պիտաչոկում կարելի է հանդիպել միայն Աշոտի պես զբոսանքի հատուկենտ սիրահարների:
Երեկոյան տասից հետո մեծամասնության համար օրն ավարտվում է: Նրանք շտապում են տուն ու հարմար տեղավորվելով բազմոցին` հեռուստացույց դիտում:
Երիտասարդների մի մասն էլ օրը շարունակում է սիրելի սրճարանում կամ Ստեփանակերտի միակ փաբում:
Գիշերային կյանքն այստեղ շարունակվում է մինչև կեսգիշեր, իսկ փաբում` երբեմն մինչև լուսաբաց:
«Արմատները». գիշերային կյանքը` մինչև կեսգիշեր
Ստեփանակերտցիները համարում են, որ «Արմատներ» սրճարան-կենսակենտրոնը ֆրանսիական շունչ ունի: Բոլորը համաձայն են, որ նրա դեկորը հայկական է:
Երեկոյան ժամերին այստեղ գինու ու թեյի բաժակների զնգոցը, միախառնվելով այցելուների ծիծաղին ու զրույցին, ամբողջությամբ խլացնում է սրճարանում հնչող ֆոնային երաժշտությունը:
Կախված եղանակից, այստեղ գալիս են զովանալու կամ տաքանալու, զրուցելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու, կենդանի երաժշտություն ունկնդրելու կամ պարզապես մայրաքաղաքի կյանքին ինչ-որ կերպ մաս կազմելու:
Սրճարանի մշտական հաճախորդներից 31-ամյա Կարինա Պետրոսովան «Արմատներ» է գալիս ոչ միայն լավ ժամանակ անցկացնելու, այլև տեղացի տաղանդաշատ ու հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու:
«Այստեղ ամեն ինչ ինձ շատ հարազատ է ու թանկ, երբեմն նույնիսկ ցանկություն եմ ունենում այստեղ աշխատել: Որքան էլ անտրամադիր լինեմ, այստեղ միշտ հանգստանում եմ, հետաքրքիր մարդկանց հետ շփվում: Ամենից շատ երևի այստեղի տնական կակաոն եմ սիրում»,- ծիծաղով ասում է Կարինան:
Գործունեության երեք տարվա ընթացքում «Արմատները» դարձավ մայրաքաղաքի սիրված ժամանցի վայրերից մեկը, մասնավորապես մշակութային ու մտավոր ժամանցի:
Մարտունեցի Գևորգ Սարգսյանը սրճարանի սիրելի հաճախորդներից է: Բոլորն արդեն գիտեն. երբ 29-ամյա Գևորգը սրճարանում է, ուրեմն հաստատ դաշնամուրի նվագ են վայելելու, հետն էլ՝ խմբովի երգելու են սիրված երգերը:
Գևորգն ամեն օր Ստեփանակերտից 47 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաքից աշխատանքի է գալիս մայրաքաղաք Ստեփանակերտ ու երեկոյան վերադառնում հարազատ քաղաք: Երբեմն սակայն, նա նախընտրում է չվերադառնալ տուն, քանի որ, ի տարբերություն ընդամենը 5000 բնակչություն ունեցող շրջկենտրոնի, մայրաքաղաքում ժամանցի տարբերակներն ավելի շատ են: