Եթե օտարերկրացի զբոսաշրջիկների համար ժենգյալով հացը արցախյան ամենահամով բրենդերից է, ապա տեղացիների համար կանչեղենով պատրաստած հայտնի հացը տարբեր նշանակություն ու պատմություն ունի:
Ստեփանակերտի կենտրոնական շուկայում ժենգյալով հաց վաճառող Դոնարա Գասպարյանի համար այն եկամտարբեր բիզնես է, որի շնորհիվ ղարաբաղյան պատերազմի տարիներին կարողացել է կերակրել երկու անչափահաս տղաներին:
Արցախի տուրիզմի վարչությունն ու շրջանային կառույցներն էլ փորձում են փառատոների ու ռեկորդների միջոցով սիրված ուտեստի պատրաստման ավանդույթները տարածել ու զբոսաշրջիկներ բերել Արցախ:
Մաղավուզ գյուղից 82-ամյա Գոհար Ավանեսյանի համար ժենգյալով հացը մանկության քաղցր հուշ է, ու թոռներին սիրով փոխանցում է դրա պատրաստման ընտանեկան գաղտիքը:
Իսկ ահա 103-ամյա Աշխեն Բաղդասարյանի համար ժենգյալով հացը մի ամբողջ կյանք է:
Ժենգյալով բիզնես
Արցախ այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ անպայման այցելում է Ստեփանակերտի կենտրոնական շուկա` փորձելու տեղական հանրահայտ ժենգյալով հացը:
Ստեփանակերտցիների մեծ մասը միաբերան կհաստատեն, որ «բազարեն ամենահամավ ժինգալավ հացը ծոյծ Դոնարան ա թխում» (շուկայի ամենահամով ժենգալով հացը տիկին Դոնարան է պատրաստում):
59-ամյա Դոնարա Գասպարյանն անուն հանած «բիզնեսվուման» է, ով արդեն 30 տարի թխում ու վաճառում է արցախյան բրենդ դարձած ժենգյալով հացը: Ու երբ ուզում են դիմացինին վերջնականապես վստահեցնել, որ Դոնարայի թխածից լավը չկա, ավելացնում են՝ «Հինչս ասում է, Դոնարեն ժինգյալավ հացը մինչև Մասկըվա յա քինամ» (ինչ ես ասում, Դոնարայի թխած ժենգյալով հացը մինչև Մոսկվա է հասնում):
Ժենգյալ Ղարաբաղում անվանում են կանաչիների այն տեսականին, որն օգտագործվում է ժենգյալով հաց թխելու համար։
Իսկ ղարաբաղյան հանրահայտ Ժենգյլալով հացի դասական բաղադրատոմսը, թվում է թե, հեշտից էլ հեշտ է. խմորի համար՝ ալյուր, աղ, ջուր, միջուկի համար՝ 17-25 տեսակի կանաչեղեն, սրանց քանակը տատանվում է, կախված սեզոնից ու շրջանից: Դրանք են` ճռճռոկ, կրմնձուկ (կամ կնձմնձուկ), պռավու պոռտ, կիռնանգուճ, թրթնջուկ, խազազ, սիմսիմոկ, սպանախ, ճականդեղի թևեր, սոխ, համեմ և այլն:
Հասկացա՞ք:
Դոնարան ժենգյալով հացի իր բիզնեսը սկսել է 1990-ականների սկզբին, երբ տղամարդկանց մեծ մասը պատերազմում էին, իսկ ընտանիքը կերակրելու ողջ բեռը մնացել էր կանանց ուսերին:
«Պակաս-պռատ տարիներ էին, գործ չկար, ուտելու բան չկար: Ամուսինս դիրքերում էր, երկու անչափահաս երեխաներիս ու կիսրոջս հետ Ստեփանակետում մի կերպ յոլա էինք գնում,-պատմում է Դոնարան,- մի օր էլ վերցրի տղաներիս, գնացինք Դաշուշեն, բանջարանոցից ու դաշտերից ժենգյալ հավաքեցինք, ժենգյալով հաց թխեցինք կիսրոջս հետ»:
Հաջորդ առավոտյան Դոնարան սկեսրոջ հետ ժենգյալով հացը տարան շուկա վաճառելու:
«Մեկ ժինգյալով հացը 150 դրամով էինք տալիս, որովհետև մարդիկ փող չունեին: Մենք էլ ուտելիքի գումար վաստակելու ուրիշ հնար չունեինք»,-հիշում է Դոնարան:
Այն ժամանակ հիմնական գնորդները ֆիդայիններին էին: Օրական 20-25 հատ ժենգալով հաց էր վաճառվում:
1991թ.-ին, երբ Ստեփանակերտը ռմբակոծվում էր Շուշիից, շուկայում ժենգյալով հաց վաճառելն այլևս անվտանգ չէր: 1994թ. հրադադարի հաստատումից հետո Դոնարա Գասպարյանը առաջիններից էր, ով Ստեփանակերտի կենտրոնական շուկայում փոքրիկ տաղավար վարձակալեց:
«Ամուսինս բանջարեղեն էր վաճառում, իսկ ես ժենգյալով հաց էի թխում փայտի վառարանի վրա: Օրական 35-40 հատ վաճառում էի»,-ասում է Դոնարան:
Այդ օրերից շատ բան է փոխվել: Փայտի վառարանին փոխարինում է էլեկտրականը, խմորն անելու համար տիկին Դոնարայի՝ 30 տարվա բեզարած ձեռքերին էլ՝ հունցիչը: Ժենգյալով հացի գինն էլ 150 դրամից 30 տարվա ընթացքում հասել է 500 դրամի: Անփոփոխ է միայն ժենգյալով հացի համն ու Դոնարայի՝ ժպիտով ու լավատեսությամբ շնչող դեմքը:
Այսօր ժենգյալով հաց վաճառելը Դոնարայի ու նրա ամուսնու` Սամվելի համար եկամտաբեր բիզնես է:
Մինչ Դոնարան իր գործընկեր Արմինեի հետ մեկը մյուսի հետևից տաք-տաք ժենգյալով հացեր են թխում հաճախորդների համար, Սամվելը լուռ մի անկյունում սոխն է կտրատում, ժենգյալով հացի հումքն է տեղ հասցնում ու պատվերների համար ստվարաթղթից արկղեր պատրաստում:
Գործին միացել են նաև Գասպարյանների երկու հարսերը: Նրանք ամեն երեկո տանը կանաչեղենն են մաքրում:
«Պատվերների քանակը գնալով աճում էր, ու ընկերուհիս` Արմինեն, սկսեց օգնել ինձ: Օրական միջինը 100 հատ ժենգյալով հաց ենք թխում»,-ասում է Դոնարան:
30 տարի շարունակ ամեն օր, ներառյալ շաբաթ-կիրակին, Դոնարայի օրն սկսվում ու ավարտվում է նույն ձևով՝ խմորի ու կանաչեղենի հետ:
«Ես չեմ հոգնում իմ գործից, եթե նույնիսկ անտրամադիր եմ, առավոտյան շուկա հասնելուն պես մի կողմ եմ թողնում մտքերս, հետո սկսում թխել: Կարևոր է, որ սիրով ու լավ տրամադրվածությամբ անես գործը, հակառակ դեպքում մի բան հաստատ կփչանա` կամ խմորը կճղվի, կամ աղը շատ կլինի, կամ կվառես», — ժպիտով ասում է Դոնարան:
Բայց նա, ինչպես և ամեն տանտիկին ու մանավորապես պրոֆեսիոնալ, ունի իր փոքրիկ գաղտնիքները:
«Հաճախորդները տարբեր նախասիրություններ ունեն՝ մեկը սիրում է թթվաշ, մյուսը՝ առատ ձեթով, երրորդը ՝ կծու։ Ոչ մեկի խաթրը չեմ կոտրում։ Սիրիահայ հաճախորդ ունեմ, որ պանրով է սիրում ժենգյալով հացը։ Հատուկ նրա համար պանիր եմ պահում միշտ, միջուկի վրա քերում եմ, փաթաթում ու թխում, ինքն էլ գոհ ու երջանիկ ուտում է»,- պատմում է Դոնարան։
Ժենգյալով զբոսաշրջություն
Այս տարի մայիսին ժենգյալով հացի փառատոնը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում հավաքել է տեղացի մոտ 50 պրոֆեսիոնալ ժենգյալով հաց թխողների։
Մայրաքաղաք Ստեփանակերտից 100կմ հեռավորության վրա գտնվող, մոտ 1500 հոգանոց բնակչություն ունեցող Հաթերքում արդեն երկրորդ անգամ է անցկացվում փառատոնը:
«Ժենգյալով հացի բույրը հազարավոր մարդկանց է բերել մեր գյուղ՝ այդպիսով ճանաչելի դարձնելով Հաթերքը: Եվ ասեմ, որ այսօր առավել խնամքով եմ թխում ժենգյալով հացը՝ հյուրերին գոհացնելու համար»,- ասում է հաթերքցի Ռիտա Օհանյանը:
Կենդանի երաժշտությամբ, ազգային երգ ու պարով ուղեկցված ժենգյալով հացի պատրաստման մրցապայքարը թեժ էր: Երկու-երեք հոգանոց խմբերով աշխատող կանանց օգնում էին հարեւանները, տղամարդիկ էլ` կտրատած կանաչին էին հասցնում: Հին, դասական ժենգյալով հացի բաղադրատոմսն ախր շա՜տ նրբություններ ունի. խմորի անհրաժեշտ բարակություն, օգտագործվող կանաչեղենի բազմազանություն եւ ճիշտ մանրացում, ձեթի, աղի ու սեւ պղպեղի համապատասխան համադրություն։
«Ամեն կանաչի իր համն ունի,-ասում է փառոտոնի մասնակից Արմինե Հակոբյանը,- կրմնձուկը ոչ մի ուրիշ կանաչիով չես փոխարինի։ Նույնն էլ, ասենք, պռավուպոռտը»։
Ժենգյալով հաց թխելու ամենաբարենպաստ ամիսներն ապրիլն ու մայիսն են: Այս եղանակին բանջարանոցներն առատ են անհրաժեշտ բուսատեսակներով՝ ինչն էլ ժենգյալով հացի համի գաղտնիքն է:
Մինչ կանայք համառ պայքար էին մղում, հյուրերը «շա՜հ» բացականչություններով մի քիչ ամաչեցնում եւ կատարելության նոր ձգտումների էին մղում ժենգյալով հացի վարպետներին։
«Անցած տարի փառատոնին միայն 13 տաղավար կար, այս տարի ներկայացվել է շուրջ 120: Սա վկայում է այն մասին, որ փառատոնը ծառայում է իր նպատակին՝ գյուղացիների մոտ արմատավորելով այն գիտակցումը, որ գյուղում, իրենց տան բակում եւ բանջարանոցներում աճող բարիքներով հնարավոր է շահույթ ստանալ»,- ասում է փառատոնի կազմակերպիչ Սամվել Միրզախանյանը:
Ժենգյալով ռեկորդներ
«Ասում ա՝ վեր հպարապս մնամ, գիդում չըս թա հինչ կարելի ա ըրած, աշխարհի ամենաէրկան ժենգյալավ հաց թխելը լհա կա ու կա ( Ասում են, եթե պարապ ես մնացել ու չգիտես` ինչ անել, աշխարհի ամենաերկար ժենգյալով հացը թխելը միշտ կա ու կա)»:
«Արցախյան հումոր» ֆեյսբուքյան էջում զետեղված այս կատակը շրջանառության հիմնավոր պատճառ ունի: Արցախի Հադրութի շրջանի վարչակազմի մշակույթի եւ երիտասարդության բաժնի աշխատակիցները երեք անգամ թխել, գերազանցել են իրենց իսկ ռեկորդը՝ ամեն անգամ մեծացնելով արցախյան այցեքարտ հանդիսացող ժենգյալով հացի չափսերը:
Առաջին անգամ՝ 2 մետր 83 սանտիմետր էր, երկրորդ անգամ՝ 3 մետր 3 սանտիմետր, իսկ երրորդը՝ 4 մետր 26 սանտիմետր էր: Թխողների խանդավառությունը հուշում է, որ սա նրանց վերջին ռեկորդը չէ:
Ամենամեծ ժենգյալով հացը ստանալու նախապատրաստական աշխատանքները թխելուց մոտ երկու շաբաթ առաջ են սկսում. խոհարարների հինգ հոգանոց խումբը բանջարանոցներից ու դաշտերից հավաքում, հետո մաքրում, լվանում եւ չորացնում է շուրջ 30 կգ կանաչատեսակներ: Որից հետո հայտնի ժենգյալով հաց թխողները, սրածայր դանակները ձեռքերում, շտապում են խոհարարներից մեկի տուն՝ կանաչեղենի կտրատման կարեւոր աշխատանքին մասնակցելու: Մինչ կանայք խոհանոցում են, տղամարդիկ ռեկորդակիր ժենգյալով հացի թխման համար անհրաժեշտ հարմարանքներն են պատրաստում. սեղանները միացնում, թիթեղյա սալօջախը զոդում, փայտերը շարում եւ կրակը վառելու ժամանակին սպասում:
«Եթե սովորական չափի ժենգյալով հացը 3-4 րոպեում է թխվում սաջի վրա (սաջը՝ թավա հիշեցնող չուգունից հատուկ գոգավոր կլոր հարմարանք է, որը տարածված է Կովկասում և Միջին Ասիայում), ապա ռեկորդակիր ժենգյալով հացը թխելու համար անհրաժեշտ է շուրջ 1,5 ժամ: Եվ դա միայն թխելու ժամանակահատվածն է»,- ասում է աշխարհի ամենամեծ ժենգյալով հացի պատրաստողներից մեկը՝ Քնար Բաղդասարյանը:
Հայաստանի «Դյուցազնագրքում» երիցս գրանցված ժենգյալով հացի պատրաստման համար նախ հունցվել է շուրջ 10 կգ խմոր: Երկու ժամ անց խոհարարներն այն բացել են իրար միացրած երկու մեծ սեղանների վրա, բարակ շերտով տարածել են աղով, բիբարով եւ ձեթով համեմված 25 տեսակի մանր կտրտված կանաչեղենն ու իրար միացրել խմորի երկու ծայրերը: «Ռեկորդակիրը» սեղաններից սալօջախ է տեղափոխվել հատուկ պատրաստված թիթեղյա մեծ հարմարանքի վրա: Իսկ սալօջախի վրա շուրջ 45 րոպե մնալուց հետո, խոհարարներն ու նրանց ամուսինները միասնական ջանքերով շրջել են ժենգյալով հացը՝ մյուս կողմից թխելու համար: Եվս 45 րոպե եւ այն արդեն պատրաստ էր:
Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ, ամենամեծ ժենգյալով հացերը պատրաստած վարպետներից Երազիկ Հայրիյանն ասում է, որ իրենց ջանքերի նպատակը սերնդեսերունդ մեզ փոխանցվող ոչ նյութական մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելն է:
Արցախցիների մի մասն էլ կես կատակ, կես լուրջ ասում է. «քանի սանտիմետրանոց ժենգյալավ հաց էլ թխիք, մինա ամենաէրկանն ա ինան, որովետեւ մզանա կման վեշմինը ժենգյալավ հաց չի թխում»(քանի սանտիմետրանոց ժենգյալով հաց էլ թխեք, մեկ է ամենաերկարն է լինելու, որոհետև մեզնից բացի, ոչ մեկ այն չի թխելու):
Որոշներն էլ վստահ են, որ Արցախում պատրաստված ամենաերկար ժենգյալով հացն արժանի է հայտնվելու Գինեսի ռեկորդների գրքում։
Ժենգյալով մինիմալիզմ
Արցախյան ժենգյալով հացի հետ յուրաքանչյուրի ծանոթությունը սկսվում է` «իսկական ժենգյալով հացի մեջ քանի տեսակ կանաչի են դնում» ավանդական հարցով: Պատասխանը գրեթե անփոփոխ է` «մինսուրու, ամեն հինչան քիցումնք վեր համավ ինի» (շատ, ամեն ինչ դնում ենք, որ համով լինի): Ու այսպես Արցախի գրեթե բոլոր շրջաններում: Միայն մարտակերտցիների համար է, որ ժենգյալով հացի համը կանաչեղենի քանակով չէ պայմանավորված։ Այստեղ այս առումով մինիմալիզմի կողմնակից են` կրմնձուկ, թրթնջուկ, պենջար, խազազ, մի քիչ էլ պռավուպոռտ ու ճըռճըռոկ։
(Մի փորձեք հասկանալ, թե սրանք կանաչեղենի ինչ տեսակներ են: Բոլոր արցախցիները, ինչպես նաև կապանցիների զգալի մասը, դա գիտեն: Մնացածների համար դրանք ուղղակի հնչյուններ են: Բայց շատ համով:)
Մարտակերտցիների համար մինիմալիզմն է ժենգյալով հացի համի գրավականը։
«Տեղ կա, ասումն, մինիշակու թևվերելն քիցում, բալա մատաղ մինիշակին թևը հինչա տեռալ, վեր ժինգալավ հացին մեջը քցինք (Տեղ կա մանուշակի տերևներ էլ են դնում ժինգալով հացի մեջ, չեմ հասկանում մանուշակի թևերը ինչ է, որ դնում են մեջը)», — ասում է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի 82- ամյա բնակիչուհի Գոհարիկ Ավանեսյանը:
Մաղավուզում ժենգյալով հաց թխում են միայն գարնանն ու աշնանը, որևհետև միայն այս շրջանում է հնարավոր գտնել անհրաժեշտ կանաչեղենը։
«Իմ մանկության տարիներին աղքատ էինք ապրում։Մեծ քույրերս մի քիչ խմոր էին հունցում, մի քանի կանաչի կտրտում, ժենգյալով հաց թխում։ Էդպես էինք յոլա գնում»,-պատմում է Գոհարիկ տատիկը։
Այսօր, ճիշտ է, ժենգյալով չեն ապրում, բայց ժենգյալի մասին չեն մոռանում։ Փուլ առ փուլ վայելում են բնության բարիքները՝ ծնեբեկից մինչև ժենգյալով հաց։ Ամեն փուլ իր արարողակարգն ունի։
«Մինչև պատերազմը, երբ գյուղը դեռ բազմամարդ էր, մեծ հարևանություն ու բարեկամություն կար: Գարնան գալուն պես տղամարդիկ ուսապարկերով շտապում էին սարերից ժենգյալ հավաքելու: Իսկ երեկոյան կանանցով հավաքվում էինք, կանաչեղենը մաքրում, ծնեբեկ տապակում ու ժենգյալով հաց թխում: Լյազաթ»։
Բոլորը չէ, որ գիտեին ամենալավ ծնեբեկի կամ թրթնջուկի տեղը։ Իսկ մի ուսապարկ լավ թրթրնջուկը կամ խազազը սեղանի շուրջ բարեկամության մեջ գովասանքի արժանանալու առիթ էր։ Գովասանքից բաժին էր հասնում նաև ժենգյալով հաց թխողին։
«Ժամանակ կար, 40-50-ավ ժենգյալավ հաց էի թխում, ինձ մի հատ էլ բաժին չեր հասնում»,- կես լուրջ, կես կատակ պատմում է Գոհարիկն ու ավելացնում,- «երեխաները ասում էին` Գոհար հորքուր, դու թխի, մենք`ուտենք: Չէի հասցնում խմորի գնդերը բացել ու ժենգյալով հացը վառարանից հանել», — կարոտով հիշում է Գոհարիկ Ավանեսյանը։
Այսօր էլ ամենապահանջվածը իր ժենգյալով հացն է՝ արդեն թոռների ու ծոռան համար։ Գոհարիկը համով ժենգյալով հացի իր գաղտնիքն ունի՝ խմորը բարակ, ժենգյալը շատ, թթուն, կծուն էլ անպակաս։
Վերջերս գրտնակը զիջում է երբեմն-երբեմն: «Է~, կռներս էլ ինձ ենթարկվում չըն։ Ասում` հազիր սաղում անեն սվերեն, վեր էքուց ինիմ վեչ ուրանքել կարեն թխեն օտեն, հասրաթ չի մնան(Է~, ձեռքերս էլ ինձ չեն ենթարկվում: Ասում եմ, քանի կենդանի եմ, թող անեն, սովորեն, որ ինձանից հետո կարողանան իրենք էլ թխեն, ժենգյալով հացի կարոտ չմնան)»,- կատակում է Գոհարիկ Ավանեսյանը:
Ժենգյալով կյանք
Արցախի Վոսկեվազ գյուղում ապրող Աշխեն Բաղդասարյանը` Աշխեն տատը, վերջերս նշել է 103-ամյակը: Նա փոքրամարմին է, ցածրահասակ ու փխրուն, կարելի է ասել, նուրբ: Չնայած տարիքին, Աշխենն առավոտից երեկո ջանասիրաբար զբաղված է տան գործերով: Նա խնամքով է հագնվում. բրդյա զուգագուլպաներ, համարյա մինչև հատակը հասնող շրջազգեստ, գոգնոց ու գլխաշոր: Աշխենը սրբագործում է, երբ արցախյան հայտնի ժենգյալով հացն է թխում։
Նրա մեծ տան խոհանոցը լի է ամենատարբեր կանաչեղենով։ Կանաչեղենի փնջերը ամենուր են. սեղանի վրա՝ պոլիէթիլենի տոպրակների մեջ, աթոռների ու պատի տակ դրված, մեծ թախտի վրա դարսած։
«Վերցնում ենք ալյուրն ու ջուրը»,—ասում է Աշխենն ու հունցում է խմորը։ Այն պետք է լինի առանց թթխմորի ու բավականին փափուկ, որ հնարավոր լինի բարակ-բարակ բացել։
Աշխենը չի սիրում պատրաստելու ժամանակ խոսել, մանավանդ որ խոհանոցում սովորաբար մենակ է լինում։ Ձեռքերը իրենք են անում սովորական դարձած աշխատանքը, իսկ նա հիշում է:
Աշխենը առանց հոր է մեծացել։ Նա երկու տարեկան էր, երբ հայրը մահացավ ահասկանալի հիվանդությունից։ Երիտասարդ էր, ընդամենը մեկ տարի առաջ էր ամուսնացել ու միանգամից սկսել մեծ տուն կառուցել իր ապագա մեծ ու հյուրասեր ընտանիքի համար։
Այդ տան փոխարեն եղբայրները օգնեցին Աշխենի մորը խոհանոց ու փոքրիկ սենյակ կառուցել՝ մի պատուհանով։ Ահա այդ սենյակում էլ նրանք ձմեռն անցկացրին։ Իսկ խոհանոցը․․․հենց այստեղ էլ Աշխեն տատը խմորն է հունցում։
Խմորը համապատասխան ամրության հասցնելուց հետո, Աշխենը այն մի կողմ է դնում ու սկսում կանաչեղենը դասավորել։
“Վերցնում ենք բավականին սիմսիմոկ”։
Երևի սիմսիմոկը քունջութն է։ Միգուցե և ոչ։
Աշխենի մայրը ուզում էր անպայման ավարտին հասցնել տան շինարարությունը, որը դեռ հայրն էր սկսել։ Նա ուզում էր, որ տունն անպայման լինի այնպիսին, ինչպիս մտածել էր հայրը՝ մեծ, երկհարկանի տուն՝ բարձր առաստաղով ու մեծ պատուհաններով։ Ու չնայած Աշխենը փոքրիկ աղջնակ էր, բայց օգնել է մորը քարերը վերև քարշ տալ, ցեխը խառնել ու կառուցել ճիշտ այդ ընտանեկան տունը։
Այսօր Աշխենը միջանցքում է ապրում։ Տունն այնքան մեծ է, որ դժվար է ջեռուցել։ Միայնակ պառավին դա պետք էլ չի։ Ահա այսպես նա տեղավորվել է մուտքի դռան մոտ։
Սկզբից միջանցք է տեղափոխել ճաշասեղանն ու աթոռները, հետո ասբեստի կտորի վրա տեղավորել է պարուրաձև սալոջախը, որի կողքին թեյնիկն ու բաժակն է դրել՝ ծածկելով սրբիչով։ Դռան աջ հատվածում սրբապատկեր է կախել, կողքն իր նկարը, որը պատճենահանել է անձնագրի նկարից ու իր 100-ամյակի կապակցությամբ ասեղնագործել։
Իսկ անկյունում Աշխենը մահճակալն է դրել, դրա հետևի պատը ծածկել ժանյակավոր ծածկոցով, որով սովորաբար ծածկում էին բարձերը: Ուրիշ տանտիկինները մահճակալի գլխավերևում կախում են կանաչ ծառերով, կապույտ-կապույտ երկնքով ու եղնիկներով գորգ, բայց Աշխենի կարծիքով, ժանյակավոր ծածկոցով ավելի հարմարավետ է:
“Վերցնում ենք սպանախն ու ճակնդեղի թևերը, որոնք պետք է մանր-մանր կտրատել, որպեսզի ուտելիս հաճելի լինի”:
Երբ մոտեցավ ամուսնանալու ժամանակը, պարզվեց, որ գյուղում փեսացուների առանձնապես մեծ ընտրություն չկա: Մեկին կուլակաթափ են արել, մյուսը մեկնել է քաղաք` ապրուստ վաստակելու: Եվ այդ պատճառով, երբ Ենոքը եկավ գյուղ` խնդրելու Աշխենի ձեռքը, վերջինս իսկույն համաձայնեց: Եվ Ենոքը սկսեց ապրել Աշխենի հետ` մեծ ու հիմնովին սարքած-պատրաստ տանը:
Ենոքը Աշխենի հասակակիցն էր` ծնունդով Շուշիից: Երբ 1920-ին այնտեղ սկսվեց հայերի ջարդը, ադրբեջանցի հարևանը եկավ Ենոքի մոտ և նախազգուշացրեց, որ նա շտապ իր ընտանիքը հանի Շուշիից:
Բայց արդեն ուշ էր: Ենոքի հայրը հազիվ հասցրեց կնոջը թաքցնել նկուղում, իսկ ինքը հինգ երեխաների հետ մնաց` դիմավորելու ջարդարարներին: Երևի, խղճալով երեխաներին, նրանք թալանեցին տան եղած-չեղածն ու գնացին` առանց որևէ մեկին դիպչելու: Հաջորդ առավոտյան ադրբեջանցի հարևանն օգնեց նրանց փախչել Շոշ գյուղը:
“Իսկ հիմա կտրտենք ճռճռոկը”:
Ենոքն ու Աշխենը աշխատեցին կոլտնտեսությունում, տնտեսություն հիմնեցին` գնեցին կովեր, ունեցան ձիեր, խոզեր: Հիվանդության պատճառով Ենոքին չզորակոչեցին, այնպես որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բաղդասարյաններն արտադրության առաջավորներ էին համարվում. արտ էին ցանում, խոտ հնձում ու հաց թխում:
Աշխենն ունեցավ հինգ երեխա` երեք տղա ու երկու աղջիկ: Գուցե նա ավելի շատ երեխա ունենար, բայց Աստված հինգին տվեց: Չնայած բոլոր դժվարություններին` Աշխենն ու Ենոքը կարողացան զավակներին տասնամյա կրթություն տալ: Տղաները ծառայեցին խորհրդային բանակում ու տուն վերդարաձան, աղջիկները` ամուսնացան: Սովորական կյանք…
“Իսկ հիմա ժամանակն է կտրտել եղինջն ու սոխը: Օհ, շատ արցունք կհոսի այդ ընթացքում”:
57-տարեկանում Ենոքը ֆերմայում անասնաբույժ էր արդեն: Եվ երբ հարևան Քյաթուկ գյուղում խոզերը սկսեցին սատկել, նրան հրահանգեցին արագ դեղ պատրաստել և շտապել բուժելու խոզերին: Ենոքը կոլտնտեսության ձին հեծնեց ու գնաց: Ավտոճանապարհն անցնելից ձին խրթնեց:
Օձի՞ց էր վախեցել, որը խճուղու երկայնքով էր փռված, թե՞ վախի այլ պատճառ է եղել, որ ձին կողքի վրա էր ընկել`ողջ մարմնով իր տակը ճզմելով Ենոքին: Ծանրությունից Ենոքի լյարդը պայթել էր:
Ենոքը մահացավ: Նրա մահից հետո մի քանի տարի Աշխենը մոտը դանակ էր պահում, որ կարողանա պատասխան տալ, եթե իրեն նեղացնող լինի:
Իսկ հետո սկսվեց արցախյան պատերազմը: Առաջնագծում զոհվեց առաջնեկը: Մահացավ ոչ թե փամփուշտից կամ բերկորից, այլ սրտի նոպայից: Կրտսեր տղան ծնկից վիրավորվեց ու հաշմանդամ դարձավ: Պատերազմից մի քանի տարի հետո նա մահացավ: Միջնեկ տղան էլ շրջկենտրոնից տուն գալու ճանապարհին հանկարծամահ եղավ հենց ղեկին, էլի սրտի նոպայից:
Հավանաբար թույլ սիրտ էր բաժին հասել Աշխենի զավակներին: Մահացել է նաև աղջիկներից մեկը: Երկրորդ աղջիկը փրկվել էր սումգայիթյան ջարդերից ու հիմա աչքի հիվանդությամբ է տառապում:
“Դե ինչպես առանց պռավուպոռտի”:
Պռավուպոռտը բարբառից թարգմանաբար նշանակում է «պառավի պոռտ»:
Աշխենը կյանքից չի բողոքում: Ասում է` ապրել է խաղաղության ու հանգստության մեջ, պատվով ու լիքը տան մեջ: Հպարտանում է ապրած տարիներով ու 15 թոռներով, 25 ծոռներով ու վեց կոռներով:
Ու չնայած իր խնամած բանջարանոցում աճում է միայն սոխ ու սխտոր, նա ժենգյալով հացի մեջ ավելացնելու է կրձմնձուկ, խազազ, ծտխաշար, մանուշակի թևեր և իհարկե համեմունքներ ու ձեթ:
Մի հարցրեք, թե ինչ են նշանակում այս կանաչիների խորհրդավոր անվանումները: Դրա փոխարեն գնացեք Աշխենի մոտ ու տեսեք, թե ինչպես է ժենգյալով հաց պատրաստում: Միգուցե՞ ինչ-որ կանաչիներ ճանաչեք:
Հեղինակներ`
Սյուզաննա Ավանեսյան
Քնար Բաբայան
Լուսինե Թևոսյան
Սարինե Հայրիյան
Ալյոնա Մելքումյան