Արցախյան գյուղերում տանտիրուհիները թթու դնելիս բաղադրատոմսերը վերցնում են համացանցից, մեծահասակներն այլ երկրներ արտագաղթած իրենց բարեկամների հետ զրուցում են Skype-ով, աղջիկներն ու տղաները ծանոթանում են odnoklassniki.ru սոցիալական ցանցում, իսկ երեխաները մուլտֆիլմեր են դիտում հեռախոսով:
Համացանցն ամբողջ ուժով թափանցել է Արցախ, գյուղացիներն առավոտյան իրենց պարտականությունները կատարելուց հետո «մտնում-ստուգում» են սոցցանցերը, և վիրտուալ կյանքը շարունակվում է՝ իրական կյանքին զուգընթաց:
Եվ դա նույնիսկ այն գյուղերում, որտեղ մինչև հիմա չկա բնական գազ կամ, ասենք, խանութ: Դա և՛ մեծ նորություն է գյուղերի համար, և՛ նոր ու հետաքրքիր կյանք:
Մամատ մեռնե, տեխնիկա՜․․․
-Այս տարի ինտերնետից կարդացած բաղադրատոմսով եմ վարունգ փակել։ Գրված էր, որ մի կտոր լիմոն ես դնում, լավ թթվաշ է ստացվում վարունգը։
-Չէ է, ես գիտեմ, որ պետք է սառը ջրի մեջ մի քիչ պահես։
-Ո՞վ է քեզ նման բան ասել։
-Ինտերնետում է գրված։
Մի բաժակ սուրճի շուրջ կանանց այս խոսակցությունն ավելի շուտ երևի կարելի է պատկերացնել եվրոպական որևէ երկրում, ԱՄն-ում, Ռուսաստանում կամ, ասենք, Երևանում, բայց ոչ Արցախի գյուղերից մեկում, որտեղ դարեր շարունակ եփում, թխում են տատերից ու մայրերից սովորած բաղադրատոմսերով։
Այս տարի սակայն, 55-ամյա Զարինե Դավթյանն ու 57-ամյա Մարինե Ջալալյանը՝ Մաղավուզ գյուղից, որոշեցին թթու պատրաստել ոչ թե ավանդական, իրենց մայրերից ու տատերից ժառանգած, այլ… համացանցում գտած բաղադրատոմսով։
Մաղավուզը մայաքաղաք Ստեփանակերտից դեպի հյուսիս 70 կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ գյուղ է, որն ընդամենը 4-5 կմ է բաժանում ղարաբաղ-ադրբեջանական շփման գծից։
2013թ․-ին, երբ ինտերնետը հասավ նաև Մաղավուզ, գյուղացիները սկսեցին տանը կամաց-կամաց կահույքը շարժել, որ համակարգչի համար հարմար անկյուն գտնեն։ Ինտերնետն առաջին հերթին գյուղում օգտագործում էին հարազատների հետ Skype-ով կապվելու համար:
«Վըյ, աղջի, իմ ախպեր Ռադիկնա է… Էս հինչ կրակա, հանցա լհա ըռաջիս նստած ինի(Վույ, աղչի, իմ եղբայր Ռադիկն է․․․Էս ինչ կրակ է, ոնց որ իմ առջև նստած լինի)»,-բացականչեց 80-ամյա Գոհար տատը, երբ 20 տարի անց նորից տեսավ եղբորը։
Գյուղում շուտով սեղանի սփռոցի տակ խնամքով պահվող հեռախոսահամարներին, «լույսի չեքերին» (էլեկտրաէներգիայի վճարման կտրոններին) ավելացան նաև թղթի կտորի վրա գրված «տնական» Skype-ի, OK (Օդնոկլասնիկի)-ի լոգիններն ու գաղտնաբառերը:
Հինգ տարի առաջ ինտերնետ ստացած Մաղավուզը, սակայն, առաջինը չէր: Կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմը» սկսեց գյուղական համայնքերը համացանցով ապահովել դեռ 2012թ․-ին:
Ընկերության գործադիր տնօրեն Կարեգին Օդաբաշյանի խոսքով, անցած 6 տարիների ընթացքում արցախյան գյուղերի 97 %-ը (շուրջ 236 գյուղ) ապահավվեց ինտերնետային կապով։
Գյուղացիների համար սկսվեց նոր դարաշրջան: Skype-ից և սոցիալական ցանցերից (գլխավորապես` odnoklassniki.ru կայքից) օգտվել սովորելուց հետո, Արցախի գյուղեր «մտավ» նաև Google որոնողական համակարգը: Google-ից ստացված տեղեկատվությունն Արցախում օգտագործում են գյուղական կենցաղը բարելավելու ու այն հնարավորինս հեշտացնելու համար։
«Ծիզանա մինն ու մինը ինձ սվրցրեք մին տեսնամ էս Google-ը հու՞նցն պինցնում », — նման խնդրանքով 55-ամյա Նվարդը մի օր դիմեց դստերը։
«Ի՜, մամ, քիզանա Google պինցնող չինիլ», — թերահավատորեն ասաց դուստրը՝ Արմինեն:
«Սաղ շինացուց պինիցնում, մին Google-ը հինչա՞ վեր կարիմվեչ պինցնեմ», — չուշացավ Նվարդի պատասխանը։
Մաղավուզում հիմա ամեն ինչ «Գուգլ են անում»՝ սպասվող եղանակից մինչև ձուկ պատրաստելն ու հարբուխ բուժելը։
Արդյունքում, գյուղացի Ավանեսյանների ընտանիքում ձուկն այլևս առաջվա պես չի տապակվում. թավայի փոխարեն՝ ջեռոց, իսկ ավանդական քացախի տեղը՝ պիկանտ սոուս։
«Մի սրան յեշի՜ է, — ասում են հարևանները, — կտրվածդ հինչ էլ համավ ա…»(Հլը տես է, -ասում են հարևանները,-մեռածը ինչ էլ համով է)։
Հատկապես արցախյան ադաթներով քաշած թոթի արաղով:
Զինադադարն ու ինտերնետը Ստեփանակերտում
1994թ․ մայսին հրադադար հաստատվելուց հետո Ստեփանակերտում քանդված շենքերի հետ մեկտեղ վերականգնվեց նաև ինտերնետ կապը։ Ըստ ինտերնետ կապի առաջին պրովայդեր «Arminco» ընկերության տնօրեն Սամվել Մայիլյանի, Արցախում ինտերնետ կար նաև պատերազմի տարիներին։
«Ինտերնետ կապի ապահովումն ի սկզբանե որպես բիզնես չէինք դիտարկում։ Ուղղակի որոշեցինք պետական կառույցներին և երկու ոչ կառավարական կազմակերպություններին տալ համացանց մտնելու հնարավորություն։ Միայն 2009թ․ ինտերնետը հասանելի դարձավ նաև ստեփանակերտցիներին»,- հիշում է Ս․ Մայիլյանը։
1994-2003թ․ «Arminco» ընկերությունն ինտերնետ կապի միակ պրովայդերն էր. այն ինտերնետ կապ է ապահովել Արցախի 7 շրջաններից 6-ում (բացի Քաշաթաղի շրջանից), ընդհանուր առմամբ 80-100 գյուղերում։
2002թ․ Արցախում հեռահաղարդակցության շուկա մտավ «Ղարաբաղ տելեկոմ»-ը, որը մեկ տարի անց՝ 2003թ․-ին, սկսեց նաև ինտերնետ տրամադրել։ Իսկ 2016թ. «Ղարաբաղ տելեկոմը» գնեց նաև «Arminco» ընկերության արցախյան բաժանմունքը՝ դառնալով բջջային և ինտերնետ կապի միակ օպերատորը։
Համացանցով զույգ գտնելն ու ադրբեջանական լուրեր կարդալը
Արցախյան որոշ բնակավայերում համացանցը դարձել է արտաքին աշխարհի հետ կապի և տեղեկատվություն ստանալու հիմնական միջոց։ Իհարկե, կարելի է նաև զանգահարել բջջային հեռախոսներով, (այն տեղերում, որտեղ կապը լավ է աշխատում) բայց դա թանկ է: Իսկ համացանցային կապը` անվճար, եթե հաշվի չառնենք էլեկտրաէներգայի սպառումը:
Չարեքտարում բնակվող Սևյան Մարին 5 տարեկան է: Մարին վիրտուոզ կերպով տիրապետում է տան բոլոր գաջեթներին։ Համակարգչով երգեր է լսում, նոութբուքով՝ մուլտֆիլմ դիտում, պլանշետով՝ խաղեր խաղում: Սևյանների ընտանիքում գաջեթների նման առատությունը պատահական չէ:
Մայրաքաղաք Ստեփանակերտից մոտ 85 կմ հյուսիս գտնվող Չարեքտար գյուղում բջջային ցանցը դժվար հասանելի է։ Այստեղ անգամ գյուղի ներսում իրար հետ շփվում են Viber-ով կամ WhatsApp-ով։
«Ինտերնետ կապը նաև համեմատաբար էժան է: Դրա համար հիմնականում սոցիալական ցանցով ենք շփվում բարեկամների ու ընկերների հետ»,- ասում է Չարեքտարի բնակչուհի 40-ամյա Անահիտ Մկրտչյանը:
Համայնքում դժվար հասանելի է նաև Արցախի հանրային հեռուստատեսությունը։ Տեղեկատվությունը նույնպես այստեղ ստանում են համացանցից։
«Ես ու ամուսինս թուրքերեն (ադրբեջաներեն – խմբ.) հասկանում ենք, հաճախ համացանցով նաև հակառակորդի լրահոսին ենք հետևում»,- ասում է Անահիտը:
Չարեքտարի շուրջ 260 հոգանոց բնակչության 80 %-ին հասանելի է համացանցը։ Այստեղ այն նաև ժամանցի միակ միջոցն է թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասկաների համար։
«Ղարաբաղ տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Կարեգին Օդաբաշյանի խոսքով՝ միջինում գյուղական տնտեսությունների 59 %-ին հասանելի է ֆիքսված ինտերնետ կապը։
Ինտերնետային կապի տարածված լինելը գնահատելու համար նշենք, որ, օրինակ, 220 բնակիչ ունեցող Մոխրաթաղ գյուղը բնական գազ չունի, բայց ինտերնետ ունի:
34-ամյա Մարա Համբարձումյանն ապագա ամուսնու հետ հենց համցանցով է ծանոթացել։ Հոկտեմբերին հարսանիքն է լինելու։
Ծանոթացել են Օդնոկլասնիկի սոցիալական ցանցի միջոցով: Մինչ այդ Մարային շատ էին գրում սոցիալական ցանցերով, բայց ինչպես ինքն է ասում, ոչ մեկին ուշադրություն չէր դարձնում և թերահավատորեն էր վերաբերվում նման ծանոթություններին։
Բայց երբ Մարան սիրահարվեց այդ սոցցանցի օգտատերերից մեկին, ավանդույթները հակասության մեջ մտան XXI-րդ դարի կապի և հաղորդակցության միջոցների հետ:
«Երբ մայրիկիս պատմեցի նրա (այսինքն` ապագա փեսացուի – խմբ.) մասին, մայրս ասաց, որ այդպես չեն ծանոթանում, անհրաժեշտ է մի լավ հարց ու փորձ անել, իմանալ ո՞վ է, ի՞նչ ընտանիքից է, որտեղի՞ց է», — հիշում է աղջիկը:
Եւ ահա այստեղ «գործի անցան» ավանդույթները: Կարճ ժամանակում աղջկա ծնողներն ամեն ինչ պարզեցին, և կայացավ առաջին առերես հանդիպումը։ Մեկ ամիս չանցած, Մարան ու նրա ընտրյալը նշանվեցին։
Եվ նա միակ աղջիկը չէ, որ համացանցով է ամուսին գտել։
Մոխրաթաղում արդեն մի քանի նման ընտանիք կա։
Ո՞ւմ է պետք խանութը, երբ գյուղում ինտերնետ կա
Քարվաճառից մոտ 20 կմ հեռավորության վրա, ճամփաբաժանից աջ Ծար գյուղի ցուցանակն է, որի վրա պատկերված սլաքը ցույց է տալիս դեպի վերև։ Հողե ոլորանների ծայրը կարծես մինչև երկինք է տանում։ Իսկ գյուղ հասնելու համար Արմեն Ալվարովի «ՈՒԱԶ»-ը, թափահարելով ներսի նստածներին, մագլցում է սարն ի վեր։
Հերթական ոլորանը հաղթահարելուց հետո հասկանում ես, որ վարորդի ձեռքի մի սխալ շարժում, ու մեքենան կարող է հայտնվել անդունդում։ Ծարը ծովի մակերևույթից 2100մ բարձրության վրա է։
Մոտ 2 կմ վերելքն հաղթահարելուց հետո հայտնվում ենք հարթավայրում, որտեղ էլ ցաքուցրիվ փռված են գյուղի տները։ Ծարը մոտ 50 բնակիչ ունի։ Տներից մեկի մոտ Արմենը մեքենան կանգնեցրեց ու հարևանին մի քանի տուփ ծխախոտ փոխանցեց։
«Գյուղում ինտերնետ կա, բայց խանութ չկա։ Մոտակա քաղաքակրթությունը 20 կմ հեռավորության վրա է», — ասում է Արմեն Ալվարովը։
Քաղաքակրթության և զոքանչի հետ կապի միակ միջոցն Ալվարովների ընտանիքում հին նոութբուքն է։
Արմենը կնոջ՝ Սվետլանայի հետ Մոսկվայից տեղափոխվեց Արցախ 2010թ․։ Ֆրանսերենի թարգմանիչ Արմենն այսօր համացանցով ծանոթանում է գյուղատնտեսության ոլորտի նորարարություններին, իսկ կինը, ով դասավանդում է գյուղի դպրոցում, հետևում է կրթական ոլորտի նորամուծություններին։
Ծար գյուղից մեղվապահ, 33-ամյա Սասուն Սիմոնյանի տան պատերն ամբողջությամբ նկարազարդել են երկու անչափահաս դուստրերը՝ Սյուզին և Սուսանան։ Սիմոնյանների ընտանիքում հեռուստացույց ու համակարգիչ չկա, բայց Wi-Fi կա։ «Քաղաքակրթության» հետ կապող միակ միջոցը տան երկու հին սմարթֆոններն են։
«Երեկոյան մի հեռախոսով լուրեր ենք կարդում համացանցում, իսկ մյուսով աղջիկները քնելուց առաջ մուլտֆիլմ են դիտում», — ասում է Սասունի կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։
Գյուղում համացանցը նաև ժամանցի միակ միջոցն է։
Նույնն է պատկերը նաև շրջկենտրոն Քարվաճառում։ Քանի որ այստեղ էլ հանդիպումների և ժամանցի վայրեր չկան, երիտասարդները հարաբերությունների սկզբնական փուլում հենց համացանցի միջոցով են կարողանում իրար ավելի լավ ճանաչել. նրանք նամակներ, նկարներ ու վիդեոներ են փոխանակում, մինչև ծնողների համաձայնությունը ստանալը: Դե, իսկ դրանից հետո արդեն կարող են նաև հանդիպել, միմյանց տուն հյուր գնալ…
Բայց միևնույն է, շարունակում են սմայլիկներ փոխանակել: Նոր դարը սիրո նոր դրսևորումներ է առաջարկում:
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ՝
Սյուզաննա Ավանեսյան
Քնար Բաբայան
Թամարա Գրիգորյան
Ալյոնա Մելքումյան
Մարիամ Սարգսյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝
Արման Ղարիբյանի
Ալյոնա Մելքումյանի