Մարգարյանների ընտանիքում բոլորը գիտեն իրենց պարտականությունները: Դպրոցահասակ աղջիկներն օգնում են տան գործերում, իսկ տղաների պարտականությունն ընտանի կենդանիներին խնամելն է: Ամենամեծերը տանը չեն. մեկն աշխատում է իրավապահ մարմիներում, մյուսը` դպրոցում:
Մարգարյանների ընտանիքը 18 հոգուց է բաղկացած: Նրանցից 13-ը Շահենի և Գայաների երեխաններ են, իսկ երկուսը` թոռները: Եվ այս ընտանիքը բացառություն չէ:
Ըստ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության պաշտոնական տվյալների, 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքիների թիվն Արցախում անցնում է 1700-ը։
Եվ բազմազավակությունը խրախուսվում է պետական ամենաբարձր մակարդակով։
2015թ. մարդահամարի տվյալներով, Արցախի Հանրապետությունում ապրում է ընդամենը 145․000 մարդ:
Ժողովրդագրական խնդիրների լուծման համար 2000 թվականից իշխանությունները ծնելիության եւ բազմազավակության խթանման տարբեր ծրագրեր են իրականացնում՝ սկսած ամսական նպաստներից մինչև բնակարանի տրամադրում։
Արցախի Հանրապետության բազմազավակության մասին օրենքով, 6-րդ երեխան ծնվելուց հետո 2-3 տարվա ընթացքում ընտանիքի համար սեփական տուն է կառուցվում։
Աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարության՝ ընտանիքի եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանի խոսքով, 2018թ․-ի փոփոխված ծրագրի համաձայն, նախատեսվում է բնակարան կառուցել նաեւ 5 եւ ավելի երեխաների դեպքում, որի շրջանակում արդեն 336 դիմում են ստացել։
Վերջին 5 տարվա ընթացքում ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից շահագործման է հանձնվել ավելի քան 500 տուն։
«Առաջին երեխայի համար կառավարությունը 100 000 դրամ է հատկացնում, երկրորդ երեխայի պարագայում՝ 200 000 դրամ, երրորդ եւ ավելի երեխաների դեպքում՝ 700 000 դրամ։ Գումարի կեսը միանվագ տրամադրվում է ընտանիքին, իսկ մյուս կեսը ավանդ է դրվում բանկում, որն ընտանիքը կարող է ստանալ երեխայի 18 տարեկանը լրանալուց հետո», — ասում է Ս․ Դադայանը։
Բազմազավակ ընտանիքներին տրամադրվող նպաստների տարեկան ընդհանուր բյուջեն անցնում է 2 միլիարդ դրամը։ Մանկապարտեզներում և բուհերում բազմազավակ ընտանիքների համար գործում է նաև 50 տոկոս զեղչ։
Սակայն Դադիվանք գյուղում չկա ոչ բուհ, ոչ էլ մանկապարտեզ: Դա նշանակում է, որ 6 երեխա ունեցող Դանիելյանների ընտանիքի համար այս զեղչը որևէ նշանակություն չունի: Գուցե դա պատճառներից մեկն է, որ հայրը` Վաչագանը, որոշել է հիմնել ընատեկան բիզնես. փոքրիկ խանութ է կառուցել, որտեղ դպրոցահասակ երեխաները հերթով վաճառող են աշխատում:
Մեկ տոննա կարտոֆիլը չի հերիքում
Մայրաքաղաք Ստեփանակերտից մինչև հյուսիսում տեղակայված Նոր Վերինշեն գյուղ 125 կմ է։ Գյուղի միջով սարն ի վեր տանող քարքարոտ ճանապարհը հասնում է գյուղի ծայրը։ Ճամփից երևացող երկհարկանի տան հետևը միայն սարեր են ու անտառ։ Բակում ինը մեծ ու փոքր շներ էին:
Մարգարյանների ընտանիքը 20 տարի առաջ ՀՀ Մարտունու շրջանի Վաղաշեն գյուղից 6 երեխաներով, կես պարկ ալյուրով, մեկ պարկ կարտոֆիլով ու մի քանի ձեռք անկողինով տեղափոխվել է Նոր Վերինշեն: 13 երեխաներից 7-ն Արցախում են ծնվել։
Երեխաների մայրը` 45-ամյա Գայանե Սիմոնյանը պատմում է, որ ցուրտ ու մութ տարիներին զավակներից 4-ին տան պայմաններում է ծննդաբերել: Իսկ երբ տեղափոխվեցին Նոր Վերիշեն, գյուղում ապրելու նույնիսկ ամենատարրական պայմաններ չկային:
«Ամենադժվարը 2000-ականների սկզբերն էր: Գյուղում հոսանք չենք ունեցել: Կար ժամանակ, որ մի ամբողջ ամիս ալյուր չի եղել տարածքում ու կարտոֆիլով էինք յոլա գնում», — վերհիշում է Գայանեն:
300 բնակիչ ունեցող Նոր Վերինշենը Շահումյանի շրջանի վերաբնակեցվող գյուղերից է: Պատերազմից անմիջապես հետո Արցախի և մասնավորապես ՀՀ տարբեր բնակավայրերից այստեղ վերաբնակեցվեցին մի քանի տասնյակ մարդիկ: Այսօր գյուղն ունի 9 բազմազավակ ընտանիք:
7-րդ երեխայի ծննդից հետո, պետական ծրագրի շրջանակներում, կառավարությունը Մարգարյանների համար չորս սենյականոց սեփական տուն է կառուցել։
Իսկ երբ ունեցան 10-րդ երեխային, նրա հասանելիք 5 հազար ԱՄՆ դոլարով սեփական ֆերմա ստեղծեցին:
«Այսօր 20-ից ավելի խոշոր եղջերավոր, 30-ից ավելի մանր եղջերավոր անասուն, 6 մեղվափեթակ ունենք: Հավեր ենք պահում»,-բացատրում է ընտանիքի հայրը՝ 55-ամյա Շահեն Մարգարյանը։
Երեխաների նպաստը ամսական կազմում է 54000 դրամ:
«Սա, իհարկե, զգալի օգնություն է, բայց դրանով ընտանիք չես պահի»,- ասում է Մարգարյանը:
Տան երկրորդ հարկի միջանցքի երկու կողմում ննջասենյակներն են՝ երկհարկանի մահճակալներով։
Մարգարյանների բազմանդամ ընտանիքը գնալով աճում է: Ավագ որդին՝ 27-ամյա Արմանը, ամուսնացել է ու կնոջ եւ 2 զավակների հետ շարունակում է ապրել հայրական տանը։
«Տղաս ու հարսս աշխատում են, մենք էլ օգնում ենք մանկահասակ թոռների խնամքի հարցում։ Բայց հենց երկորդ տղաս ամուսնանա, մեծն իր ընտանիքով կտեղափոխվի մեր հին տունը։ Այդ ընթացքում, հուսամ, կհասցնենք այն վերանորոգել ու կոմունալ պայմաններ ստեղծել»,- ասում է Շահեն Մարգարյանը։
Կեսօրին մոտ տունը կամաց-կամաց լցվում է երեխաներով։ Դպրոցից հետո ամեն մեկը շտապում է իր գործին՝ փայտ կոտրել, անասուններին խնամել, շներին կերակրել։ Մարգարյանների ընտանիքում ամեն մեկը հստակ գիտի իր անելիքները։ Աղջիկների գործը սեղան գցելն է: Նրանք թեյի պատրաստություն են տեսնում: Ճաշասենյակի մեծ սեղանը հազիվ է տեղավորում բոլորին։
«Քանի որ բոլորը տարբեր ժամերի են ավարտում դասերն ու օրվա գործերը, սովորաբար երկու հերթով ենք ճաշի նստում»,-բացատրում է Գայանեն:
Ամեն օր 15-18 հոգու համար ճաշ պատրաստելը (երեխաներից 3-ը ուսանող են ու տուն են գալիս միայն հանգստյան օրերին ) Գայանե Սիմոնյանի ամենօրյա գործերից մեկն է։
«Ամենաշատը կարտոֆիլ են սիրում։ 1 տոննա կորտոֆիլը երկու ամիս էլ չի հերիքում: Մեր տանը գրամ ասվածը գոյություն չունի։ Ամեն ինչ գնում ենք կիլոգրամներով, եթե ոչ տոննաներով»։
Չարեքտար. բազմազավակությունը՝ որպես եկամտի աղբյո՞ւր
Թարթառ գետի ափին գտնվող Չարեքտարում ոռոգման ջրի բացակայության պատճառով հողագործության խնդիր կա: Բայց, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, այստեղ բամազավակության համար անգամ ամուսնու բացակայությունը խոչնդոտ չէ։
Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Վարդենիս մայրուղու 87-րդ կիլոմետրի վրա է գտնվում Չարեքտարը։ 250 բնակիչ ունեցող գյուղը 14 բազմազավակ ընտանիք ունի։ Այստեղ, ինչպես և Շահումյանի շրջանի բոլոր գյուղերում, հիմնականում վերաբնակիչներ են ապրում։
Բազմազավակ ընտանիքիները չեն թաքցնում, որ հաճախ շատ երեխաներ են ունենում նոր տուն ստանալու համար: Հարմարավետ պայմաններով սեփական տուն ունենալը շատերի համար երազանք է, բազմազավակությունը՝ դրան հասնելու ամենկարճ ու հեշտ ճանապարհը:
Չարեքտարում բազմազավակ ընտանիքներից մի քանիսը մասնավոր հովանավորներ ունեն։ Նրանք ընտանիքներին տրամադրում են սնունդ, հագուստ, գումար կամ անասուն են գնում։
Հեռվից երևացող տան՝ տասնյակ մանկական զուգագուլպաների տակ ճկված լվացքի պարանները հուշում են, որ ճիշտ հասցեով ենք եկել։
Տունը մի խրճիթ է՝ չնորոգված տանիքով, չներկած պատերով ու խարխուլ դռնով, որը բացեց բարալիկ ու բավականին նուրբ դիմագծերով, առաջին հայցքից մոտ 20 տարեկան թվացող մի աղջիկ։
-Բարև
ձեզ, մայրիկին չեք կանչի՞։
-Մայրիկը ես
եմ,- կարծես թե նեղացած ասաց նա։
23-ամյա Թագուհի Շահինյանը 4 անչափահաս երեխաների միայնակ մայր է։
Ամուսինը՝ 34-ամյա Վալոդը, ով խմիչքի ու թմրանյութերի հետ սեր ուներ, 4-րդ երեխայի ծննդից հետո արտագնա աշխատանքի մեկնեց Ռուսաստանի Դաշնություն։ Մինչ այսօր ընտանիքը նրանից ոչ լուր է ստացել, ոչ էլ գումար։
«16 տարեկանում փախել եմ Վալոդի հետ։ Հետո ամուսնացել ենք։ Մինչև մեր ամուսնությունը նա բանտում էր, դատված էր մարդասպանության համար»,- պատմում է Թագուհին։
Երկսենյականոց տունը, որտեղ այսօր ապրում է Թագուհին իր չորս մանկահասակ երեխաների (1 աղջիկ և երեք տղա) ու թոշակառու մոր հետ, առանց սվաղի շինություն է՝ ամբողջովին սևացած պատերով, հատակի կոտրատված ու կեղտոտ տախտակներով:
«Չորրորդ տղայիս հասանելիք միանվագ 4000 ԱՄՆ դոլլար նպաստով տան դռներն ու պատուհաններն եմ փոխել, նոութբուք, բազմոցներ, սառնարան ու նաև յոթ կով գնել»,-պատմում է միայնակ մայրը, ով 4 երեխաների համար ամսական ստանում է 50.000 դրամ նպաստ:
Տան նախասրահում երկու մահճակալ է դրված, մի չաշխատող սառնարան, փոքրիկ սեղանին՝ նոութբուք, կա նաև 2 բազկաթոռ: Մեջտեղում փայտի վառարանն է, որի ջերմությունը միայն հուսահատություն է սփռում շուրջը:
Մթության մեջ հազիվ կարելի էր նկատել քնած երեք երեխաներին։ Ու մինչ ես խոսում էի Թագուհու հետ, բազկաթոռի տակից գաղտագողի դուրս եկավ չորրորդը՝ 4-ամյա Նարեկը՝ կլոր, կարմիր թուշիկներով, չլվացված երեսով ու սևացած եղունգներով։ Հագին՝ զոլավոր ռեյտուզ էր ու գույնը վաղուց կորցրած բլուզ։
«Տան միակ աշխատողը մայրս է։ Նա դպրոցում հավաքարարություն է անում, հետն էլ գյուղում վարձով ապրող բանվորների տուն մաքրում։ Ամսական ընդամենը 36000 դրամ է (մոտ 75 ԱՄՆ դոլլար) ստանում»,- ասում է նա:
Գյուղում մշտական աշխատանք գտնելու հույսը կորցնելուց հետո, Թագուհին անցյալ տարի մորաքրոջ հրավերով արտագնա աշխատանքի մեկնեց Ռուսաստան՝ Կրասնոդար քաղաք։
Այդ ժամանակ չորս երեխաներին Թագուհու մայրը՝ Մարիա Շահինյանն է գյուղում խնամել։
«Պաղպաղակի արտադրամասում եմ աշխատել։ Ամառվա սեզոնին մոտ 500․000 դրամ եմ (1000 ԱՄՆ դոլլարից մի քիչ ավել) վաստակել։ Դրանով ձմեռվա վառելափայտն ենք առել, անասուների խոտը, երեխաներին՝ հագուստ ու պարտքերը փակել»,-պատմում է Թագուհին։
«Եթե խոպան չգնամ, երեխեքս սոված կլինեն, ուրիշ տարբերակ չունեմ։ Շատ եմ ուզում երեխաներիս այս սևացած պատերի, ցեխի, աղբի միջից հանեմ ու Ստեփանակերտ տեղափոխվենք»,-շարունակում է նա:
Թագուհին իր անձնական կյանքի վրա խաչ է քաշել։ Նա մտածում է, որ «4 քյորփաներով» ինքը ոչ մեկին էլ պետք չի։
Սակայն երիտասարդ կնոջ դեմքը պայծառանում է, երբ հեռախոսում թերթում է Կրասնոդարում արված լուսանկարները, որտեղ ինքը մաքուր է, խնամված, շպարված ու անհոգ:
Կես ժամ անց 4-ամյա Նարեկը, տանը թողնելով Ռուաստանից բերված կոշիկները, ռեյտուզով ու բլուզով դեկտեմբերի ցրտին թավալվում է տան մոտակայքի աղբանոցում։ Դա իր խաղահրապարակն է:
Դադիվանք. մոմի եկամտաբեր բիզնեսն ու վանահայրը
Դադիվանք գյուղում ապրող Դանիելյանների բազմազավակ ընտանիքում աշխատում են բոլորը, այդ թվում նաև դպրոցահասակ երեխաները: Դա, իհարկե, խանգարում է նրանց ուսմանը, բայց ընտանիքի մեծերը հասկանում են, որ առանց ամենօրյա աշխատանքի ընտանիքը չի կարողանա գոյատևել:
Դադիվանք վանական համալիր տանող ճանապարհի ձախ կողմում տեղակայված «առևտրի սրահը» Դանիելյանների բազմանդամ ընտանիքի փոքր բիզնեսն է։
Կանաչ ու դեղին դարակների վրա շարված ապրաքների տեսականին բավականին համեստ է՝ ջրեղեն, մի քանի տեսակի պահածոներ, քաղցրավենիք եւ մոմեր:
41-ամյա Վաչագան Դանիելյանը խանութի համար ապրանքը ներկրում է 65 կմ հեռավորության վրա գտնվող ՀՀ Վարդենիս քաղաքից:
Աշխատանքային օրվա առաջին կեսին խանութում սպասարկողը ծուռտիկ-մուռտիկ սանրվածքով 12-ամյա Սոնան է՝ Դանիելյանների 7 զավակներից երրորդը։
Աղջիկը 7-րդ դասարանում է սովորում ու հաճախ է դասերը բաց թողնում՝ խանութում աշխատելու պատճառով։
«Ընտանիքը մեծ է, հոգսը՝ շատ: Ամեն մեկը մի գործ պետք է անի»,- փոքր Սոնայի փոխարեն պատասխանում է աղջկա տատիկը՝ 61-ամյա Սոնյա Դանիելյանը։
Սոնան սկզբում փորձեց առարկել, հետո սաստվեց տատիկի նախատող հայացքից ու, որպես համաձայնության նշան, լուռ գլխով արեց։
Հեռվում փռած լվացքի գույները սկսում են զատվել ամեն մի քայլի հետ, իսկ անտառից հասնող կտրվող փայտի ձայնն ավելի է ուժեղանում:
Սոնյա տատիկն, առաջ անցնելով, բացատրում է. «Հոր մեջքը ցավում է, Վահանն է փայտ կտրատում»։
15-ամյա Վահանն ընտանիքի 2-րդ զավակն է։ Տան հոգսերի մեծ մասը նրա ուսերին է՝ փայտ կտրտել, անասուներին խնամել։ 10-րդ դասարանում սովորող տղան ընտանիքի կենցաղային հոգսերը հոգում է դասերի հաշվին։
«Ընտանիքը մեծ է, հոգսը՝ շատ»,- հիշեցնում է Սոնյա տատիկը եւ ճանապարհը շարունակելու նշան տալիս։
Դանիելյանների ընտանիքը Դադիվանքում հաստատվել է 1997թ։ 6-րդ երեխայի ծնունդից հետո բազմազավակ ընտանիքի համար կառուցվեց նոր սեփական տուն։
«Մեր հին տունն էլ մեզ բավարարում է, իսկ նորը ամսական 40 հազար դրամ վարձով ենք տալիս գյուղում աշխատող բանվորներին»,-ասում է Վաչագան Դանիելյանը։
Երկրորդ սեփական տանից բացի, որպես բազմազավակ ընտանիք, ամսեկան 63 000 դրամ նպաստ են ստանում, գումարած Վաչագանին հասանելիք հաշմանդամության 19 000 դրամ թոշակը։
Բայց Դանիելյանների ընտանիքի եկամտի «ոսկե ծորակը»՝ Դադիվանք տանող ճանապարհին «մոմի բիզնեսն» էր։
Երեխաները երեք տարի շարունակ ամբողջ օրը մոմ էին վաճառում վանքի այցելուներին՝ ամսական ապահովելով շուրջ 200 000 դրամ (մոտ 400 ԱՄՆ դոլլար) եկամուտ։
«Մոմի վաճառքից ստացված եկամուտից 800 000 դրամը ծախսել եմ խանութի շինարարության վրա։ Վաճառակետին կից պլանավորել էի նաեւ փոքրիկ սրճարան կառուցել»,- պատմում է Վաչագանը, ում ձեռներեցության ծրագրերը խաթարեց Դադիվանքի վանահայրն՝ ասելով, որ երեխաների տեղը դպրոցն է։
«Քահանան ո՞վ է, որ որոշի, թե ի՞նչ պետք է անեն մեր երեխաները, եւ որն է նրանց համար ավելի ճիշտ։ Մեր ընտանիքը մեծ է, ամեն մեկը մի բան պետք է անի, որ յոլա գնանք»,- ասում է ընտանիքի մայրը՝ 40-ամյա Իրինա Դանիելյանը։
Իհարկե, վանահայրը ճիշտ է․ երեխաների տեղը դպրոցն է, բայց Վաչագանն էլ իր ճշմարտությունն ունի։ Ընտանեկան բիզնեսն աշխատեցնելու համար նա երեխաների օգնության կարիքն ունի։
Իրինան նախկինում կես դրույքով դայակ էր աշխատում նախադպրոցական խմբում։
«Իրինա՛, ավլիր, Իրինա՛, աղբը թափիր: Բոլոր գործերը ինձ էին հանձնարարում, ես էլ հո էշ չե՞մ, որ հանդուրժեմ ինձ շահագործելը՝ այն էլ 27 000 դրամի դիմաց: Դուրս եմ եկել աշխատանքից»,- անթաքույց հպարտությամբ ասում է կինը։
Իսկ բազմազավակ հայրն ավելի քան համոզված է, որ իր երեխաներին մեծացնելն ու կերակրելը կառավարության պարտականությունն է։
«Կարծում էի՝ պետությունն է պահելու, մտածելու իմ երեխաների մասին։ Չեմ պատկերացրել, որ 7 երեխաներին պահելու բեռն իմ ուսերին կլինի»,-ասում է Վաչագան Դանիելյանը, ով տնտեսությունը զարգացնելու ու փոքրիկ սրճարան կառուցելու համար 5 միլիոն դրամի վարկային հայտ է ներկայացրել։
Այստեղ-այնտեղ անկանոն կերպով թափված շորերի, կոշիկների, ամանների, խաղալիքների կատարյալ շիլաշփոթի մեջտեղում կանգնած տանտիրուհին համաձայնում է ամուսնու հետ. «Եթե մենք մեր երեխաներին հանենք դպրոցից, բոլոր դասաաններում մեկական երեխա է մնալու։ Արդյունքում դպրոցը կտուժի։ Մեր երեխաներն են դպրոցի եւ այս գյուղի ապագան»,- հպարտությամբ ասում է Իրինան։
Օգնում են բոլորը…
Պետական աջակցման ծրագրերին զուգահեռ բազմազավակ ընտանիքիներին օգնում են նաև առանձին հիմնադրամներ ու անհատ բարերարներ։
«Հայ օգնության միությունը» (ՀՕՄ) 20 տարուց ավելի է Արցախում իրականացնում է բազմազավակ ընտանիքիների աջակցման ծրագրեր։ Ամենամսյա նյութական աջակցությունից բացի, բազմազավակ ընտանիքների երեխաներին անվճար ընդգրկում են ՀՕՄ-ի մանկապարտեզներում ու ամառային ճամբարներում։
«Ամեն տարի մենք Սոցապ նախարարությունից ստանում ենք տարբեր շրջաններում ապրող բազմազավակ ընտանիքիների մասին տեղեկություններ։ Բայց մեր թիրախային խումբը 7 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներն են»,- ասում է ՀՕՄ-ի արցախյան գրասենյակի գլխավոր պատասխանատու Սվետա Հարությունյանը։
Օգնության առաջին փուլում ընտանիքին ապահովում են սնունդով ու հագուստով։ Միության գրասենյակում կա հագուստի հավաքման կետ, որից կարող են օգտվել բազմազավակ ընտանիքները։ Աջակցության երկրորդ փուլում բազմազավակ ընտանիքիներին տրամադրվում են մանր եղջերավոր անասուններ կամ թռչուններ՝ տնային տնտեսություն զարգացնելու համար։
2014թ․-ից ՀՕՄ-ը համագործակցում է իրանահայ «Թևանիկ» հիմնադրամի հետ։
«2016թ․-ին մեր համատեղ ծրագրի շրջանակում 20 բազմազավակ ընտանիքիների հատկացրել ենք 200-ական ԱՄՆ դոլար, իսկ 2018թ․ ծրագրից օգտվել է 25 ընտանիք։ Դրանից բացի Նոր տարվա նախօրեին իրականացնում ենք հատուկ ակցիա, որի շրջանակներում ընտանիքիներին բաժանում ենք ծանրոցներ՝ ամանորյա սեղանի ուտելիքներով »,- պատմում է Սվետա Հարությունյանը։
Ֆրանսիական SPFA հասարակական կազմակերպությունն Արցախում հումանիտար օգնություն է իրականացնում 1997թ․-ից։
Կազմակերպության տնօրեն Լիլիթ Մինասյանի խոսքով, 2004թ․-ին բազմազավակ ու սոցիալապես անպահով ընտանիքիներին աջակցության ծրագրի շրջանակներում ոչխարներ են նվիրաբերել։
«Ներկայում տարբեր շրջաններից 33 բազմազավակ ընտանիքի ենք աջակցում՝ ըստ նրանց կարիքների։ Աջակցության ծրագրի շրջանակներում բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքներից 20 ուսանողի վարձն ենք վճարում նաև»,-ասում է Լ․Մինասյանը։
Տեղեկադտվական տեխնոլոգիաների դարում օգնության հավաքագրումը գրասենյակներից տեխափոխվել է սոցիալական ցանցեր։ Մոտ մեկ տարի առաջ ֆեյսբուքում ստեղծված «Արցախցի հայեր» խմբին ավելի քան 14600 օգտատեր է բաժանորդագրվել։
«Մի քանի կամավորներով շրջում են գյուղերով ու տեսնում, թե ով ինչի կարիք ունի։ Հետո դրա մասին գրում ենք մեր ֆեյսբուքյան էջում, գրանցում օգնության կարիք ունեցողներին։ Մեր հավաքած ինֆորմացիան տեղադրում ենք խմբում, ու արդեն ով ինչով կարողանում է, աջակցում է այդ ընտանիքներին»,- պատմում է խմբի մոդերատոր 34-ամյա Վովա Զաքարյանն ու հավելում, որ վերջերս բացել են նաև բանկային հաշվեհամար, որտեղ հավաքագրված գումարը նույնպես տրամադրվելու է կարիքավոր ընտանիքներին։
Երբ տպագրության էր պատրաստվում սույն հոդվածը, մահացավ նրա հերոսուհիներից մեկը` 61-ամյա Սոնյա Դանելյանը:
Հեղինակներ`
Սյուզաննա Ավանեսյան
Քնար Բաբայան
Լուսինե Թևոսյան
Սարինե Հայրիյան
Մարիամ Սարգսյան
Ալյոնա Մելքումյան